Ի՞նչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ ամսին, արդյո՞ք դա հեղափոխություն էր, ո՞րն էր բեկումնային պահը, ի՞նչ սպասելիքներ կային այդ ամենից։
Բեկումնային պահը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր։ Այդ պահից սկսած` համաժողովրդական շարժումը եռակի թափ հավաքեց և բերեց իշխանության նրան, ում տարիներ շարունակ հավատացել էր, ում մասին կարծիք էր ձևավորել` որպես իր ապրելակերպի բարելավման միակ երաշխավոր...
Արդյո՞ք տեղի ունեցածը կարելի է հեղափոխություն անվանել, մի՞թե արդարացան հանրության սպասելիքները։ Եթե գիտական մակարդակի վերլուծություն կատարենք այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և դրան հաջորդող շրջանի մասին, ապա ոչ մի հիմնաքարային փոփոխություն ուժի կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում` տեղի չի ունեցել, այլ դա «խաղաղ» իշխանափոխություն էր։
Հույն փիլիսոփա Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև`
1. Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2. Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում։
Այս երկուսից որևէ մեկը դեռ տեղի չի ունեցել։
Իսկ ինչու՞ էր հեղափոխություն պահանջվում, ի՞նչն էր պատճառը, տարիներ շարունակ քաղաքացիների մեջ սերմանված անվստահությու՞նը, ատելությու՞նը, թշնամա՞նքը դեպի նախկին իշխանությունները, ոչ այդքան։ Մարդկանց փողոց դուրս գալու իրական նպատակներից մեկն այն էր, որպեսզի կյանքի որակն առողջացնող փոփոխություններ տեղի ունենային...
Նաև պատճառներից մեկն ըստ իս` 90֊ականներից առ այսօր մնացած` փտած համակարգն է։ Երբ քաղաքականության, կառավարման մասին անգամ բավարար գիտելիքներ, փորձ չունեցող անձինք հայտնվում էին(են) օրենսդիր ու գործադիր մարմիններում և ընդունակ չէին(են) դրական փոփոխություններ ապահովել, արդյունավետ աշխատանք կատարել։ Հիմա ևս ոչինչ չի փոխվել, նույն պատկերն է` չհաշված անձանց միջև «ոճական», գաղափարային և արժեքային տարբերությունները։ Իհարկե խոսքս բոլորին չի վերաբերվում...
Նման մոտեցումներով և կադրային նույն սնանկ քաղաքականությամբ` համոզված եմ, որ ներկայիս իշխանությունը ևս չի հաջողելու, քանի դեռ բոլորն իրենց ճիշտ տեղերում չեն։ Յուրաքանչյուրս չի զբաղվում այն աշխատանքով, որն ամենալավն է հասկանում և կարողանում մաքսիմալ արդյունավետ կատարել։ Նման դեպքում` ժամացույցի սլաքի պես կաշխատի պետական համակարգը և կայունություն կապահովի, որը կբերի Հայաստանում` կյանքի որակական փոփոխության։
Անհրաժեշտություն է, որպեսզի Ազգային ժողովում և կառավարությունում (և ոչ միայն) աշխատեն ոչ թե նախկինը մերժած, նրա դեմ պայքարած, «ազնիվ«, «բարի» և նման այլ սկզբունքներով ընտրված անձինք, այլ պրոֆֆեսիոնալ, փորձառու, պետականամետ գործիչներ...
Ահա այդ ժամանակ կունենանք իրական հզոր, ուժեղ քաղաքական համակարգ, առողջ ու սրընթաց աճող տնտեսություն, որը կզարգացնի և կհզորացնի մեր պետությունը։ Դա էր հասարակության զգալի մասի պահանջը, երբ 2018 թվականին դուրս էր եկել փողոց` իր բողոքը բարձրացնելու...