Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկած, այսպես կոչված, «Դարի գործարքը» խիստ քննադատության է ենթարկվել Իրանի ռազմաքաղաքական վարչակարգի կողմից, ինչը, բնականաբար, սպասելի էր։

Այստեղ հետաքրքիրն ինձ համար արձագանքների համակարգված, հստակ ծրագրված և ուղղորդված լինելն է։ Չկա ոչ մի տարերային, պատահական գործողություն, ամեն մի քայլ, հայտարարություն, գրառում ու կարծիք ունի իր ուրույն հասցեատերը։

Նախ՝ արձագանքել է ԻԻՀ ԱԳՆ-ն խոսնակի և նախարարի մակարդակներով, այնուհետև իշխանության երեք թևերը հանդես են եկել հայտարարություններով, ընդ որում՝ բոլոր դեպքերում ամենաբարձր մակարդակով՝ նախագահ, Խորհրդարանի նախագահ, Բարձրագույն դատական իշխանության ղեկավար, դրանից հետո ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ԻՀՊԿ ներկայացուցիչն են հանդես եկել դատապարտող և նախազգուշացնող հայտարարություններով, այնուհետև ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական է մամուլի ասուլիս տվել և հանգստացրել՝ ասելով, որ նմանօրինակ գործարքներ շատ են եղել, դրանք կգան ու կգնան։

Գործողություններն այսքանով չեն սահմանափակվել․ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի նախաձեռնությամբ տեղի են ունեցել հեռախոսային խոսակցություններ ու խորհրդակցություններ տարածաշրջանի մի շարք իսլամական երկրների ներկայացուցիչների հետ։

Այլ կերպ ասած՝ հետևելով Իրանի քայլերին՝ դիվանագիտորեն էսթետիկ հաճույք ես ստանում։ Եվ այն կարծիքը, թե Իրանում, ի տարբերություն արևմտյան մի շարք երկրների, համակարգ չի գործում, ի դերև է ելնում։

Հ․Գ․ Ի դեպ, ԻԻՀ իշխանության տարբեր թևերը միմյանց հետ ունեն բավականին լարված հարաբերություններ։ Մասնավորապես, դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին հայտնի է իր արմատական հայացքներով, իսկ արմատականներն ԻՀՊԿ հետ միասին, պատկերարավոր ասած, օր ու արև չեն տալիս Հասան Ռուհանիի թիմին։

#ՄերբարեկամԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել