Ֆերմենտացված սոյայի մթերքների գործածումը, ինչպիսին են միսոն եւ նատոն, կարող է պաշտպանել վաղաժամ մահանալուց, պնդում են ճապոնացի գիտնականները:
MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետները վերլուծել են 45-ից մինչեւ 74 տարեկան 42 750 տղամարդկանց եւ 50 165 կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Կամավորները հայտնել են իրենց սննդակարգային սովորությունների, կենսակերպի եւ առողջական վիճակի մասին: Նրանց հետեւել են գրեթե 15 տարի, եւ այս ընթացքում մահվան բոլոր դեպքերը գրանցվել են:
Պարզվել է, որ ֆերմենտացված սոյայի գործածումը վաղաժամ մահվան հավանականությունը մինչեւ 10 տոկոսով նվազեցրել է, բայց սոյայի մթերքների ընդհանուր գործածումն այս ցուցանիշի վրա ոչ մի կերպ չի ազդել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ միս ուտող մարդիկ ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով: Միաժամանակ սոյայի ոչ մի արդյունք չի հայտնաբերվել քաղցկեղի զարգացման հավանականության վրա:
Գիտնականների խոսքով՝ ֆերմենտացված սոյայի մթերքները ավելի մեծ քանակությամբ բջջանյութ, կալիում եւ բիոակտիվ բաղադրիչներ են պարունակում, քան դրանց չֆերմենտացված նմանօրինակները, ինչը բացատրում է հայտնաբերված համահարաբերակցությունը: Չնայած հետազոտությունը դիտողական էր, այսինքն՝ արդյունքներով հնարավոր չէ ճշգրիտ պարզել պատճառահետեւանքային փոխադարձ կապը, ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որ սոյայի մթերքները առողջության վրա բարենպաստ են ազդում: