Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, սովորական, քաղաքական ուղղվածություն ունեցող մի լրատվամիջոց, սակայն այս օրաթերթի և նախկինում վերջինիս գլխավոր խմբագիր ու, վստահ եմ, մինչ օրս հոգևոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջոցով տարիներ շարունակ հասարակության զգալի հատվածին համապատասխան քաղաքական հայացքներ մատուցվեցին, ձևավորվեց օրակարգ, որի համաձայն` ժամանակի իշխանությունների և նրանց գործունեության մասին հասարակության լայն զանգվածների ենթագիտակցության մեջ տևական ժամանակի ընթացքում ձևավորվում են արատավոր, անկումային, պարտվողական առասպելաբանության սաղմերը։ Հանրության ենթագիտակցության մեջ առկա առասպելների գերակշռող մասը «Հայկական ժամանակի» արդյունք է։

Նիկոլ Փաշինյանը, լինելով գլխավոր խմբագիր, հետո արդեն պատգամավոր, տարիներ շարունակ հասարակությանը մատուցել է այն տեղեկատվությունը, որի շնորհիվ մարդիկ կարծիք են կազմել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ամեն անձի մասին ունենալով յուրովի պատկերացում։ Կապելով նրանց կոռուպցիոն հանցագործությունների, թալանի, սպանությունների և այլնի հետ։

Սակայն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը, բախվեց օբյեկտիվ իրականությանը։ Նա սկսեց հասկանալ, որ անգամ իր պատկերացումներն այն մասին, ինչն անձամբ ինքն էր մասսայականացնում օրաթերթով, ԱԺ ամբիոնից ելույթներ ունենալով, իրականության հետ որևէ աղերս չունեն կամ շատ աննշան են, քանզի արդեն գրեթե երկու տարի է անցել իր պաշտոնավարումից, և իր նշած որևէ իրադարձություն կամ հանցագործություն գոնե մոտավորապես դեռ չի բացահայտվել։

Բայց հասարակության մի զգալի զանգված դեռևս չի ընդունում այս ճշմարտությունը, չի ցանկանում աչքերը լայն բացել, որպեսզի իրականության հետ հաշվի նստի։ Նա դեռ սպասումների մեջ է, որ այն առասպելներն ու լեգենդները, որոնք տարիներ շարունակ իր առօրյա «խոհանոցային խոսակցությունների», քննարկումների անբաժանելի մասն են եղել, ի հայտ կգան ու կբացահայտվեն։

Հայ ժողովրդի մի հատվածն իր մտքի անուրջներում ապրում է «Հայկական ժամանակ» մոլորակի վրա։ Ահա սա է այն պատճառներից մեկը, որ դրական տեղաշարժ չկա ո՛չ արտագաղթի կասեցման (չի նվազում), ո՛չ տնտեսության աճի` չհաշված վարչապետի կողմից հրապարակվող կասկածելի, մանիպուլյատիվ թվերը, ո՛չ ներդրումների մասով (պակասել են) և ոչ էլ ժողովրդավարության զարգացման ոլորտում (համատարած մերժվում, հայհոյվում, նույնիսկ դավաճանական որակումներ է տրվում այլակարծությանն ու ազատ խոսքին)։

Հ.Գ. Իսկ միգուցե վարչապետը գիտեր իրականությունը, գուցե ամենագլխավոր «զենքերից» մեկը դա էր` հասնելու իր նպատակին և անելու այն, ինչ անում է ու կանի, եթե օր առաջ հասարակության այդ զգալի հատվածը դուրս չբերի իր գլխից «մի լրագրի առասպելաբանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել