Կապանի ասուլիսում վարչապետ Փաշինյանն, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե պետական հեղաշրջման փորձ, այլ «հիբրիդային հեղաշրջման» փորձ, և իշխանությունը նման փորձերի ողնաշարը կոտրել է պաշտոնանկություններով:

Թեպետ այս հարցին ես ասուիլիսի հաջորդ օրն անդրադարձել եմ Factor TV-ի տաղավարում, այդուհանդերձ հարկ եմ համարում որոշ հավելյալ մեկնաբանություններ ներկայացնել, քանի որ լրատվամիջոցները ամենատարբեր որակումներով շարունակում են անդրադառնալ այդ թեմային:

Նախ՝ անհրաժեշտ է փաստել, որ հեղաշրջում ասելով պետք է հասկանալ պետական կառավարման համակարգում այնպիսի իրավիճակ, երբ իշխանության բարձրագույն մարմինը կամ մարմինները ոչ իրենց կամքով և հակասահմանադրական ազդեցությունների ճնշման պատճառով զրկվում են իրենց սահմանադրական պարտավորությունները կատարելու օրինական հնարավորություններից՝ ընդհուպ մինչև պաշտոնից պարտադրված հեռանալը: Այլ կերպ ասած՝ հեղաշրջումն ուղղակիորեն նշանակում է իշխանության բռնազավթում: Պատմությունը գիտի տարբեր երկրներում հեղաշրջումների բազում դեպքեր: Հետևաբար, հեղաշրջման փորձ ասելով պետք է հասկանալ կոնկրետ անձանց կամ սուբյեկտների կողմից այնպիսի գործողությունների իրականացման նախաձեռնություն, որոնց նպատակը եղել է երկրի բարձրագույն իշխանությանը զրկել օրինական պարտականությունները կատարելու որևէ հնարավորությունից:

Արդյո՞ք վարչապետն իր խոսքում փաստում է այդ մասին: Միանշանակ դժվար է պնդել, քանի որ նա օգտագործում է «հիբրիդային հեղաշրջում» եզրույթը, որը քաղաքագիտության մեջ, կարծես թե, նոր հասկացություն է և հավելյալ մեկնաբանությունների կարիք ունի: Բանն այն է, որ այսօր մասնագիտական գրականության և քաղաքագիտական տերմիբանության մեջ լայնորեն տարածում ունի «հիբրիդային պատերազմ» հասկացությունը:

Հայտնի փաստ է, որ «հիբրիդային պատերազմ» տերմինն առաջին անգամ ԱՄՆ և Միացյալ Թագավորության ռազմական փաստաթղթերում հայտնվեց 2005թ., և այդ հասկացության իմաստը կայանում է հակառակորդ պետության վրա սեփական քաղաքական ազդեցության ապահովումը ռազմական կարողությունների նվազագույն ներգրավմամբ՝ փոխարենը նախապատվությունը տալով ազդեցության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական ռեսուրսի օգտագործմանը, այսինքն՝ մարդկային զոհերի և ավերվածությունների գնով հաջողության հասնելու փոխարեն նույն նպատակներին հասնել ոչ ռազմական միջոցներով: Սա է պատերազմներ վարելու հիբրիդային մեթոդի ողջ իմաստը:

Եթե փորձենք այս հասկացության ներքո վերծանել «հիբրիդային հեղաշրջում» եզրույթը, ապա կնշանակի, որ վարչապետը փաստում էր, որ ներքաղաքական զարգացումներում տեղի է ունեցել բարձրագույն իշխանության պարտականությունների իրականացմանը խոչնդոտելու փորձ՝ օգտագործելով քաղաքական, տեղեկատվական, տնտեսական ռեսուրսներ: Բայց վերը նշված գործիքակազմը, միգուցե բացառությամբ դիվանագիտականից, լայնորեն և բոլոր ժամանակներում օգտագործվում է ներաքաղաքական պայքարում՝ տեղեկատվական-քարոզչական կրեատիվ հնարքների, ֆինանսական ռեսուրսների, քաղտեխնոլոգիաների օգտագործմամբ, ընդ որում՝ երկուստեք թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից:

Կարելի՞ է արդյոք ընդիմության քաղաքական պայքարը իշխանությունների դեմ որակել որպես նրանց գործունեությանը խոչնդետելու, ուստի և հիբրիդային հեղաշրջման փորձեր: Արդյո՞ք վարչապետը «հիբրիդային հեղաշրջում» ասելով ի նկատի ունի իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած գործողություն նշված ռեսուրսների օգտագործմամբ: Կարծում եմ՝ ոչ, այլապես դա կնշանակեր, որ վարչապետը հայտարարում է իշխանության անհաշտ պայքարը քաղաքական այլակարծության և ազատ խոսքի իրավունքի դեմ:

Ավելին՝ նման պարագաներում, եթե առաջնորդվենք վարչապետի «հիբրիդային հեղաշրջում» եզրույթի քաղաքական բովանդակությամբ, ապա նշված հեղաշրջման փորձ կարելի է որակել ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի տարիների քաղաքական գործունեությունը՝ ուղղված իշխանությունների դեմ, իսկ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները՝ հիբրիդային հեղաշրջման դասական օրինակ:

Ուստի առանց սխալվելու հավանականությամբ կարելի է փաստել, որ վարչապետի գիտությամբ նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցի նախաձեռնությամբ «պետական հեղաշրջման» մասին լուրերի շրջանառումը ոչ այլ ինչ էր, քան ուժային կառույցների նախկին ղեկավարներին, մասնավորապես՝ Վանեցյանին (ձեռքի հետ նաև ընդդիմությանը) hանիրավի վարկաբեկելու և պետության թշնամի ներկայացնելու անհաջող փորձ: Եվ երբ այդ լուրը դարձավ հանրային դիսկուրսի գլխավոր թեմաներից մեկը, և առաջացավ կոնկրետ փաստեր ներկայացնելու անհրաժեշտություն, վարչապետը փորձեց փրկել իրավիճակը իր «հիբրիդային հեղաշրջում» ավելի շփոթեցնող և մինչ այս քաղաքական մասնագիտական դիսկուրսում դեռևս չհանդիպած եզրույթով:

Ի դեպ, թե՛ Վանեցյանը և թե՛ Օսիպյանը պաշտոնանկ չեն արվել: Նրանք հրաժարական են տվել: Այս հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ չեն:

Նախ՝ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է, տվյալ դեպքում՝ վարչապետը, մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական բովանդակությամբ: Պաշտոնանկությունն արձանագրում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում՝ այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի, մինչդեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին: Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպաստավոր:

Եթե պաշտոնանկությունը տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաականն է, ապա հրաժարականը պաշտոնյայի գիտակցված նախաձեռնությունն է և քաղաքական պրոտեստի դրսևորում է, մինչդեռ ուժային կառույցների նախկին ղեկավարները ոչ միայն չէին ձախողել իրենց պաշտոնեական պարտականությունները, այլև արժանացել էին գեներալի բարձր կոչմանը (իսկ Օսիպյանը նույնիսկ նշանակվել էր վարչապետի գլխավոր խարհրդական): Նման պարագայում խոսել նրանց պաշտոնանկության մասին կնշանակի մոլորեցնել հանրությանը, հետևաբար «հիբրիդային հեղաշրջում» թեզը քվազիքաղաքական բովանդակություն է և իրողության հետ որևէ աղերս չունի, իսկ պաշտոնանկություններով հեղաշրջման ողնաշարը կոտրելու վերաբերյալ վարչապետի պնդումը՝ սեփական անհաղթահարելի վճռականությունը ցուցադրելու քարոզչական հնարք և ուրիշ ոչինչ:

Ավելի խորքային եզրահանգումը ակնհայտ է՝ հանրային կյանքը լարվածության մեջ պահելու գնով ձեռք բերված հեղինակությունը իշխանությանը որևէ հեռանկար չի կարող խոստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել