Երեկ՝ սույն թվականի հունվարի 30–ին, Ազգային ժողովի կայքէջում տեղադրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից նախագծերը:
Ի՞նչ են փորձում անել:
Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը:
Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը:
Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:
Բացի նրանից, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:
Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:
Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով:
Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ:
Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում, այլ առաջիկա նիստերում:
Ամեն դեպքում նախագծերը հակասահմանանադրական են, քանի որ, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում:
Միաժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է:
Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել:
Ենթադրաբար, իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանդրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարան հարցը:
Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության: