Վերջերս շատ հաճախ ականատես ենք լինում իշխանության ներկայացուցիչների` ազգային արժեքները վտանգող, ոչ ադեկվատ, ոչ պրոֆեսիոնալ, նույնիսկ ոմանց լկտի ու օրինախախտ պահվածքին։
Ամենօրյա ռեժիմով, տարբեր, մեր քաղաքացիներին սթրեսի ենթարկող քաղաքական իրադարձությունների, օրենսդրական թերի և մի մասի դեպքում անընդունելի նախաձեռնությունների պատճառներով պայմանավորված` իշխանություններից սկսում են հիասթափվել ու այլևս չաջակցել տարբեր բնագավառներ ներկայացնող քաղաքացիներ՝ սկսած անասնապահներից, մսավաճառներից, ծննդատան աշխատակիցներից, վարորդներից` կապված բալային համակարգի ներդրման հետ, վերջացրած այն մարդկանցով, ովքեր ականատես են լինում խորհրդարանի, կառավարության, ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների անգրագետ, անմակարդակ, տհաս և ստահոդ հայտարարություններին։
Վերջերս, նույնիսկ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակամայից արագացրեց իր վարկանիշի անկման գործընթացը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հեռակա բանավեճի մեջ բռնվելով` Կապանում տված մամլո ասուլիսի ժամանակ նա ասաց, որ սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի ղեկավարն իրեն` «ամենամսյա, ամենշաբաթյա, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել», որին ի պատասխան, ինչպես գործադիրի ղեկավարն է նշում, նրան ուղարկել է «հեռու-հեռու տեղ»։
Ի պատասխան վարչապետի հայտարարությանը` Հրայր Թովմասյանը «20» տվեց Փաշինյանին, որպեսզի օբյեկտիվ փաստեր ներկայացնի, որոնք կհաստատեն իր խոսքերը, եթե ոչ, կդիմի դատարան` պաշտպանելու իր իրավունքները։
Նիկոլ Փաշինյանն օպերատիվ կերպով արձագանքեց Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ Կապանից վերադառնալուն պես կհրապարակի այդ օբյեկտիվ փաստերը՝ նշելով, թե «այդ փաստերը Երևանում են», և որ իրեն «չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարվածի համար»։
Սակայն վերադառնալով Երևան` նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի գրիչի նկար և մի պատմություն հրապարակեց, թե ՍԴ նախագահը, այդ գրիչն իրեն նվիրելով, այդ կերպ փորձել է քծնել իրեն... Հասարակության մեծ մասը ծիծաղելի ու զավեշտալի համարեց այդ պատմությունը, իսկ Հրայր Թովմասյանը դիմեց դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` սպառված համարելով վարչապետի օբյեկտիվ փաստերը։
Դեռ բավարար չէր, որ պետության ղեկավարը նման ցածր մակարդակի թեմայից է խոսում` քաղաքավարությունը, գործնական փոխհարաբերությունները շփոթելով քծնանքի հետ, արդեն երեկ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հղում է անում ՀՀ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությանը` լուրերի թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութին, որը պատմում է Հրայր Թովմասյանի ենթադրյալ անօրինությունների մասին, որի մասով արդեն քրեական գործ կար հարուցված։ Վարչապետն ակնհայտորեն, ամենապակասը խախտելով անմեղության կանխավարկածը, հրապարակում է հետևյալ մեկնաբանությունը. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ֊ի հետ»...
Գործող իշխանավորներն այսպիսի ցածր մակարդակի, դանդաղկոտ, օրինախախտ աշխատելաոճով մսխում են քաղացիներից ստացած յուրաքանչյուր քվե։ Հասարակությունը լրիվ այլ սպասելիքներ ունի Նիկոլ Փաշինյանից և իր թիմից, այլ ոչ թե նման և այլ, օրինակի համար՝ զուգարանների մասին քննարկումները կառավարության նիստում, թե իբր Հայաստանում կան հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ զուգարանները, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են, կամ որ Աժ փոխխոսնակը հայտարարում է, թե Թումանյան փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց «հետևից գրկել է իրեն» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ենթադրում եմ, անգամ տեղյակ էլ չէ, որ Թումանյան փողոցի վրա նման սուպերմարկետ գոյություն չունի, հետևաբար, իր պատմությունը, մեղմ ասած, հավաստի չի կարող լինել մեզ համար...
Հ.Գ. Եթե նման` առաջնայինը երկրորդայինից չտարբերող մոտեցումներով, նման կեղծ օրակարգային թեմաներով շարունակեն կառավարել պետությունը, կարծում եմ, որ ներկայիս իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Հայաստանի Հանրապետության ղեկին, գուցե ամիսներ...