Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման Էպիկենետրոնը:

Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել է Տոկիոյի Հանեդա օդանավակայան: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղեւորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն:

Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել եւս երկու վարձաչվերթ իրենց քաղաքացիների տարահանման համար:

ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են հայրենիք տարահանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչեւ երկու շաբաթ ժամկետով:

Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել