Երեկ՝ հունվարի 28-ին, երբ ավանդաբար Հայաստանում զինվորական քայլերթեր ու տոնական շքերթներ էին լինում, անհերթ ակցիա էր ոստիկանությունում։
Սկզբից ծիծաղելի կասկածանքով բերման ենթարկվեց Նարեկ Մալյանը, անմիջապես հետո ավելի անհեթեթ մեղադրանքով՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, իսկ կեսօրվա շքերթը փակեցին Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին բերման ենթարկելու անԱդեկվատ օպերացիայով, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ «հանցագործներին» վնասազերծելու իր ուժգնությամբ երևի թե զիջում էր միայն Մյասնիկյան պողոտայում տարիներ առաջ իրականացված վնասազերման օպերացիային (անհամաչափ ուժն ու վնասվածքները չեմ նշում)։
Թվում էր՝ սեփականատեր դարձած օլիգարխների ծառայություններից օգտվող թավշյա հակակոռուպցիոներների մտքից ավելի կարճատև թռիչք հնարավոր էլ չէր սպասել, բայց արի ու տես՝ հնարավոր էր։
Երեկոյան կողմ հատուկ օպերացիայով ոստիկանություն է բերման ենթարկվում Նարեկ Սամսոնյանը, մեղադրանքի անհեթեթությունը չեմ նշում, արդեն գիտեք։ Նարեկ Սամսոնյանը, Карл, որ առավոտից մինչև երեկո կանգնած էր նույն ոստիկանության առջև։
Գրեթե ողջ գիտակից ու ադեկվատ հանրույթը երեկ բոլոր հնարավոր ձևերով զբաղված էր տղերքին սատարելու գործով, ու բանակի օրը կարծես սկսվեց ու ավարտվեց թավշադմփոցով՝ իրականում չունենալով ոչ մի ազդեցություն ու չարդարացնելով թրաշավոր նոմենկլատուրայի սպասելիքները։
Այս ամենի ֆոնին Քննչական կոմիտեի համար բանակի օրով աշխատանքի գնալը միգուցե արդարացվեր, եթե տղերքի գործն առնչություն ունենար նրանց հետ, և նրանք պարբերաբար տեղեկատվություն տային այդ մասին։ Բայց ոչ, այս բոլոլայի մեջ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ու մոռացվեց, չքննարկվեց անգամ։ Հաղորդագրությամբ հաստատվում էր Գեորգի Կուտոյանի ինքնասպանության փաստը, և դրա համար նշվում էին խիստ անձնական պատճառներ, որոնք ընտանիքի անդամների խնդրանքով չեն էլ հրապարակվելու։
Պողոսապատկան մի շարք խմբավորումներ ծափերով ու «հա-հա»-ներով ընդունեցին երեկվա ցինիկ բեմադրությունը առանց հասկանալու դրա սոցիալական, իրավական և, ի վերջո, բարոյական ազդեցությունը իրենցից յուրաքանչյուրի վրա։ Բոլցմանի հաստատունը երևի ավելի վիճելի դառնա ապագայում, քան այս իշխանությունների «վախ չափելու» անհեթեթ գործողությունների անօրինականությունը, բայց մի բան աներկբա է՝ հարևան Պողոսը՝ լինի գրագետ թե անգրագետ, սեփական մաշկի վրա է զգալու դըմփ-դըմփ-հու-ի ցանկացած հնչյունի խլացնող ձայնը։