Hayeli.am-ը գրում է.
Ի՞նչ միամիտ են Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցները, որ ընկել են աշխարհեաշխարհ ու ամենա-ամենաներ են փնտրում: Ինչպե՞ս չգիտեն, որ ընդամենը պետք է գալ թուխ ու ջղային ցեղի այս երկիրն ու ամբողջ Հայաստանը միանգամից ներառել չափազանցությունների այդ գրքում: Ախր բոլոր հարցերում, բոլոր չափումներում ու բոլոր ոլորտներում ենք առաջատարը:Ոսկե ծիրան” երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հայերը զարմացրին արտասահմանցի հյուրերին՝ ցուցադելով ամենաերկար տոլման` 7.5 մետր երկարությամբ։ Ասում են, որ աշխարհի ամենաերկար տոլման գրանցվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Իսկ մինչ աշխարհի ամենաերկար տոլման, հենց Հայաստանում է բացվել աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այստեղ են հայ հրուշակագործները չորս օր ու գիշեր կրակների մոտ չարչարվել ու պատրաստել 4 տոննա և 410 կիլոգրամանոց շոկոլադե սալիկ: Այնպես որ, սա նաև աշխարհի ամենամեծ ամենաշոկոլադե ամենասալիկի ամենաքաղցր երկիրն է:
Այս փոքրիկ երկրի կիսաքանդ փողոցների վրա են երթևեկում աշխարհի ամենամեծ մեքենաները: Համ էլ ո՞վ է ասել, թե մեր Հայաստանը փոքր երկիր է: Ճիշտ է, մեր երկրի սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է, բայց մի մոռացեք, որ սա լեռնային երկիր է` անդնդախոր կիրճերով: Եթե չեմ սխալվում՝ մեր ամենաազնիվ քաղաքական գործիչն է ասել, որ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե անտեսանելի գրտնակով շերտ-շերտ բացենք ու տարածենք մեր երկրի բոլոր խոյացումներն ու ծալքերը, թե որքան կմեծանա Հայաստանը. լավ ձգելու դեպքում Երկիր մոլորակի մի պատկառելի հատված կդառնա այլևս ոչ լեռնային, հարթ, բայց ընդարձակ երկիր Հայաստան:
Եթե որոշ հարցերում մեր սահմանած ռեկորդները համաշխարհային մակարդակով չէին, ապա գոնե տարածաշրջանի մակարդակով մենք գերազանցիկ ենք եղել մի՛շտ և հավիտյանս հավիտենից:
Կովկասյան մեր վագրը շարունակում է ահուսարսափի մեջ պահել տարածաշրջան ներթափանցած բոլոր կենդանիներին: Մե՛րն է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Մեր առյուծներն ամենամեծն են, մեր վանդակներն` ամենաամրակուռը: Մեր կուսակցություններն ամենամրցունակն են, այնքան, որ ամեն ընտրությունից առաջ 100 տոկոսը չի բավարարում նրանց վստահված ձայները չափելու համար:
Հովիկ Աբրահամյանը ժամանակին պնդել էր, թե` «Ես` որպես ՀՀԿ-ի երկրորդ դեմք, հայտարարում եմ` 2013 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն է 50+1 տոկոս ձայն հավաքելու»:
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ ժամանակին վստահեցրել են, թե՝ «Մենք ձգտելու ենք հավաքել 99.999 տոկոս»:
Իսկ Բանն ի սկզբանե էր: Եվ ամեն բան նախ գլխի մեջ է պատահում` ծնվում որպես միտք և նոր միայն միս ու արյուն ստանում հողեղեն աշխարհում: Եվ երազանքն է պայմանավորում տվյալ ժողովրդի ուղերձն աշխարհին: Բայց երբ ուղերձիդ հանդեպ աշխարհը խուլ է, այլ բան չի մնում, քան երազանքներդ պտտեցնել տիեզերական չափումներում:
Շարժման առաջին տարիներին Արարատի մարզում` ցեմենտի գործարանի մատույցներում, մերոնք վերցրին մի տարածք, որտեղից ուղիղ կապ պիտի հաստատվեր ուրիշ մոլորակների բնակիչների հետ: Թռչող ափսեների տիեզերանավակայանում վայրէջք պիտի կատարեին այլմոլորակայինները, պիտի կայանար նրանց ու շարժման ռոմանտիկների բաղձալի հանդիպումը: Արդյունքում` լուծվելու էր Ղարաբաղի կնճռոտ խնդիրն առանց կռիվ-պատերազմի: Իսկ ի՞նչն էր պակասում դրա համար` արդարությունը կար, շինանյութը կար, տիեզերական միջամտությունն էլ` վրադիր: Բայց տականք այլմոլորակայիններն այդպես էլ չեկան. հավանաբար նրանց հետ պահեց այն, որ մենք այդպես էլ համաձայնության չեկանք մի կարևոր հարցի շուրջ` հիմա մենք համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ սովորական:
Մարինա Բաղդագյուլյան