Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը որոշել է մանդատը վայր դնել: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:

«Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին այս դեպքի հետ կապված:

Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,- ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Եղիազարյանը դրական է արձագանքել իրենց հորդորին:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ՖԲ-ն ա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:

«Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ»,- ասված էր հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել