Չէի ցանկանում շոշափել այս թեման՝ հարգելով Կուտոյանի մահը, բայց, տեսնելով որոշ մարդկանց սրբապիղծ պահվածքը, լռել չի լինի, այդ իսկ պատճառով այս թեմային անդրադառնում եմ նրա հուղարկավորությունից օրեր հետո։ 

Չնայած նրան, որ ներկայիս իշխանությունները վաղուց ապացուցել էին իրենց անսկզբունքայնությունն ու բազմաթիվ անգամներ հիասթափեցրել ժողովրդին, մեկ է, միշտ լավատեսորեն փորձել եմ գոնե իրենց բարոյական նորմերը չդնել կասկածի տակ։ Բայց, երբ պաշտոնատար անձինք զբաղվում են նեկրոֆիլիայով և, Կուտոյանի աճյունը դեռ հողին չհանձնած, սկսում են «բզկտել» այն իրենց կեղծ և էժան վարկածներով՝ օգտագործելով ԱԱԾ նախկին տնօրենի մահն՝ ի շահ իրենց քաղաքական հայացքների, հասկանում եմ, որ դանակի սայրին ենք կանգնած։

Վտանգավոր ժամանակներում ենք ապրում, ամեն մի սրբապիղծ կարող է դիակապտությամբ զբաղվել և չպատժվել։
Կուտոյանի նման կիրթ, մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ ունեցող մարդն արժանի չէր նման հրաժեշտի։

Վարչապետը պետք է սկսի խիստ անհանգստանալ իր յուրայինների պահվածքի համար, քանի որ վերջում արժանանալու է առանց այդ էլ հիասթափված ժողովրդի բարկությանը, և ներկայիս իշխանության ցանկացած սխալի համար պատասխան է տալու հենց ինքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել