Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը և 2020 թվականի անելիքներին:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, ապահովել է մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, և ՊԲ անձնակազմը իր այդ առաքելությունը իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:

Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայնտելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել