Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ: Այդ կապակցությամբ անհանգստություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը երկու հետազոտություն է հրապարակել այդ թեմայով։

«Հակամանրէական կայունության սպառնալիքը դեռ երբեք այնքան կենսական, իսկ լուծումների կարիքն՝ այնքան շտապ չեն եղել»,- այդ հրապարակման առնչությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

ԱՀԿ-ն գտնում է, որ վտանգավոր մանրէների դեմ պայքարի միջոցների՝ այժմ մշակվող զինանոցը բավականին աղքատ է: Փորձագետները վերլուծության են ենթարկել 60 այդպիսի պատրաստուկ, այդ թվում՝ 50 հակաբիոտիկ: Նրանց խոսքով՝ այդ դեղերը «փոքր արդյունք» ունեն «բուժման գոյություն ունեցող տեսակների համեմատությամբ, եւ դրանցից միայն քչերն են նախատեսված առավել դիմադրական գրամբացասական մանրէների դեմ պայքարելու համար:

Բացի այդ՝ ԱՀԿ-ում հանգել են այն եզրակացության, որ հակամանրէական միջոցների մշակմամբ այժմ զբաղվում են ամենից առաջ մանր ու միջին ձեռնարկությունները, մինչդեռ խոշոր դեղագործական ընկերությունները «շարունակում են հեռանալ այդ ոլորտից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել