Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակին` թոշակների, նպաստների ու միջին եկամուտներին: Իրականում սա սխալ որոշում է, և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի, հակառակ դեպքում կա՛մ կհեռանա, կա՛մ կսկսի գողանալ։ Զելենսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու արածի, որտեղ առաջին պլան է մղվում գաղափարը, բոլորի հետ հավասար պայմաններում լինելը, բայց Զելենսկին նախագահ է դարձել հերթական ընտրությունների արդյունքում, իսկ մեզ մոտ իշխանության եկան մարդիկ, ովքեր իրենց կոչում են հեղափոխականներ, իսկ գնացին նախարարների աշխատավարձները բարձրացնելու ճանապարհով, այնինչ տրամաբանական կլիներ Զելենսկու քայլը հենց Հայաստանում, ինչը ցույց կտար, որ նախարարը ժողովրդի միջին կենսամակարդակը կրող անձ է: Էլ չեմ ասում միլիարդների պարգևավճարների մասին, ու ինչքան հասկանում եմ, բաժանվել է մոտավորապես այնքան գումար, որով կարող էին գոնե սահմանամերձ բնակավայրերի թոշակառուներին 13-րդ թոշակ տալ, ինչը, ցավոք, չարվեց:
Սա՝ որպես գաղափարական մոտեցում, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի պետական սեկտորի աշխատավարձով նորմալ ապրել հնարավոր չէ, ու ըստ էության, դա ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Զելենսկու արածը պոպուլիզմ է, մերոնց մոտ եզակի դեպքերից է, երբ իրավիճակը ռեալ են գնահատել ու կողքից միլիոններ են տալիս նախարարներին և ոչ միայն: