Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
Շ. Ֆյուլեն նախ սկսեց իր խոսքը կանգնած՝ ասելով, որ կդադարի խոսել այն ժամանակ, երբ նկատի, որ իրեն լսողների մեկ քառորդից ավելին քնում է: Նա ներողություն խնդրեց ուշանալու համար, քանի որ հանդիպումից առաջ նախագահի հետ են հանդիպել և հետաքրքիր զրույց ունեցել:
Ֆյուլեն նշեց, որ ուրախ է այս կարևոր ժամանակահատվածում Երևանում գտնվելու համար, ուրախ է տեսնել, թե ինչպես է Հայաստանը լավագույնս օգտվում «Արևելյան գործընկերությունից» և ինչ կարևոր դերակատարում ունի գործընկերության շրջանակներում:
Նա նաև ասաց, որ հաճելի է այցելել Հայաստան և տեսնել ծաղկուն մշակույթի արմատները, 21-րդ դարի սկզբին գլոբալիզացիան նոր առիթներ է բերում իր հետ: «Մեզ անհրաժեշտ են գործընկերներ, որոնք վստահելի են, կանխատեսելի են, և մենք հիմա կարևոր պահ ենք ապրում»,- ասաց նա՝ վկայակոչելով Հայաստան-ԵՄ Ասոցացման նախաստորագրվելիք համաձայնագիրը: Նա հավելեց, որ համաձայնագիրը վերջնական տեսքի են բերում, և այն կոնկրետ օգուտներ և կոնկրետ հնարավորություններ կբացի ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Նա հույս հայտնեց, որ Հայաստանն այս գործընթացի մաս կդառնա:
Համաձայնագիրը, նրա խոսքերով, անդրադառնալու է շատ կոնկրետ հարցերի է, այն է՝ ճանապարհների անվտանգություն, սպառողների շահեր, բիզնես դաշտի կարգավորում և այլն։ Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում մեր հարաբերությունները շատ ավելի կամրանան:
Շ. Ֆյուլեն ասաց, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը կդառնան այս նոր համաձայնագրի էական բաղադրիչները:
«Մենք գործընկերների հետ աշխատում ենք «հատուկ հարմարեցված լուծումներ՝ յուրաքանչյուրի համար» սկզբունքով, և Հայաստանը բացառություն չէ այս առումով»,- ասաց նա:
Եթե վերջնաժամկետները բաց թողնենք, ի՞նչ կանի Եվրամիությունը. այս հարցադրմանը, Շ. Ֆյուլեն պատասխանեց. «Եթե վերջնաժամկետներն ուշացնեք, դատի կտանք։ Կատակ եմ անում: Սրանք լուրջ բանկացություններ են, որ տարիներ տևեցին, սա իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, որը պետք է հրապարակվի իշխանությունների կողմից, որպեսզի երևա, թե ինչ կա այդտեղ ժողովրդի համար անհրաժեշտ»,- ասաց նա:
Նա նշեց, որ կարևորն այս ծրագրի իրականացումն է: Իրավական ուժ ունեցող այս փաստաթուղթը, նրա խոսքերով, պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանի կողմից: «Սա լուրջ պարտավորություն է բոլորիս համար»,- հավելեց նա:
Ֆյուլեն նաև ասաց, որ իրենք ստեղծում են բոլոր պայմանները, որ իշխանությունները կարողանան իրականացնել այս համաձայնությունը:
«Մեր կողմից միայն խրախուսվում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը համատեղելի են ձեր անվտանգության շահերի հետ, մենք ինքներս միշտ փնտրելու ենք ձևեր երաշխավորելու, որ դուք կարողանաք դա անել և վայելեք ձեր հարաբերություններն՝ առանց հարցականի տակ դնելու ձեր պարտավորությունները Եվրամիության հանդեպ»,- ասաց նա:
Այն հարցին, թե Ռուսաստանի կողմից ճնշում կա՞ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման այս փուլում, Ֆյուլեն պատասխանեց. «Չեմ կարող ասել, դա դուք պետք է ասեք, բայցևայնպես ես հետևում եմ լուրերին, տեղյակ եմ գազի գնի թանկացումից, Ադրբեջանին սպառազինության տրամադրումից։ Բայց մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ ճնշումը բացառում են»։
Արդյոք Ասոցացման համաձայնագիրը կսահմանափակի՞ հարաբերությունները հարևանների հետ։ Այս հարցին պատասխանելով՝ Շ. Ֆյուլեն ասաց՝ ոչ։ Ըստ նրա՝ ավելին, սա միայն կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում: «Մենք ուզում ենք թափանցիկ լինել թե՛ ձեր, թե՛ ձեր ռուս գործընկերների համար»,- ասաց նա:
««Արևելյան գործընկերությունը» որևէ կերպ տարբեր քաղաքակրթությունների խնդիր չէ, սա անհեթեթություն է, մենք երբևէ չենք ասել մեր գործընկերներին, որ նվազեցնեն համագործակցությունը ռուս գործընկերների հետ»,- ասաց նա։
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի



