Երեկ «Հայկական Ժամանակ» կայքում մի հոդված կարդացի «Քարոզչական նախնական փուլն է» վերնագրով:
Ես, որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները:

Չեմ ասելու, որ Օպերայի հարակից տարածքի մեկ-երկու սրճարան քանդելիս՝ հայտարարում էին, որ ամբողջ օղակաձև զբոսայգին ազատագրելու են սրճարաններից (կարծես սրճարանների տերերը ադրբեջանցի էին), սակայն այսօր, հենց հիմա նույն զբոսայգում ԿԱՊԻՏԱԼ շինարարություն է գնում, ոչ թե ժամանակավոր կրպակ կամ տաղավար:

Չեմ ասելու, որ զարգացման ծրագրով 500 000 ծառ են խոստացել տնկել և արդեն երեք սեզոն անցել է, բայց դեռ ընդամենը 20-25 հզ. հազիվ են տնկել:

Չեմ ասելու, որ աղբահանության պրոբլեմը հենց քաղաքային իշխանությունն առաջացրեց, հետո էլ հերոսաբար լուծեց, հաստատ չեմ ասի, որ անգրագետ ձևով լուծեց:

Չեմ ասելու, որ ինչ-որ դպրոցի տնօրենի վրա կարող է 1 մլն. դրամի համար քրեական գործ հարուցվի, բայց Երևանի կոմունալ վարչության պետը իր զարմիկին 360 մլն. դրամի մրցույթ տա ու քր. գործ չհարուցվի:

Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ: Չեմ ասելու, որ 500 վերելակներին անհամբեր սպասելու ենք:

Չեմ ասելու ոչ քաղաքի տրանսպորտի հարցի լուծման սխալ ուղղության մասին, ոչ էլ կանաչապատման: ԵՒ այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի:

Ամենավերջում էլ չեմ ասի՝
#մետրոնինչեղավ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել