Pastinfo.am-ը գրում է.

«Ես հավանական եմ համարում, որ իշխանական ճամբարում կարող են լինել խմորումներ, ավելին՝ դրանք նույնիսկ պարտադիր են, որովհետեւ, դեռեւս 1 տարի առաջ եմ նշել, որ իշխանական համակարգը, ի սկզբանե իշխանության բուրգը այնքան խայտաբղետ ուժերից է կազմված, որոնք ունեն տարբեր պատկերացումներ ու շահեր եւ, որ իշխանությունը ձեւավորվել է հեղափոխական տրամաբանությամբ՝ ըստ մասնակցության չափի »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության ներսում հնարավոր խմորումներին։

Ըստ քաղտեխնոլոգի, այն ուժերը եւ անձերը, որոնք ակտիվորեն մասնակցել են գործընթացներին, իշխանության մեջ ստացել են իրենց մասնաբաժինը, իսկ նրանց բոլորին միակ սոսնձողը մի անձ էր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի դեռ նրա վարկանիշը բարձր է, իրեն հաջողվում է կամ հաջողվելու է, ընդհանուր առմամբ, պահպանել իշխանության ներսում միատարրությունը, բայց, բնական է, որ նրա վարկանիշը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազել է եւ նվազում է եւ որքան նրա վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու այս խնդիրը։ Կարծում եմ՝ Փաշինյանն արդեն իսկ զգում է այդ պրոբլեմը, որովհետեւ, որքան էլ դա քողարկվի, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ մենք այս կամ այն խորհրդարանականի ելույթում ենք դա տեսնում, լուրջ տարաձայնություններ են լինում նաեւ հրապարակային դաշտում, ընդ որում գաղափարական հարցերի շուրջ՝ Ստամբուլյան կոնվենցիայի, Ամուլսարի խնդրի, ծննդատների խնդրի, որն իր էությամբ քաղաքականության խնդիր է։ Կարծում եմ, որ «Արմաթ» լաբորատորիաների շուրջ էլ կլինի»,-ասաց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը այդ տարաձայնությունները չեզոքացնելու համար միասին հեղափոխությանը մասնակցելն ու Փաշինյանի գործոնը բավարար չի համարում։ Քաղտեխնոլոգը իրատեսական է համարում է իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի գնահատականն առ այն, թե ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչի մասին գրեց մամուլը։ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ վերջինս ավելի վաղ մոտավորապես նույնանման հայտարարություններ հնչեցրել է՝ բաց կամ քողարկված ռեժիմով։

«Սասուն Միքայելյանը առաջ Քաղպայմանագրում տարբեր պաշտոններ է զբաղեցրել եւ իր հեղինակությունը թույլ է տալիս ավելի ազատ գործել եւ իր կարծիքը ներկայացնել քաղաքական թիմի ղեկավարին, քան մյուսները»,-նկատեց քաղտեխնոլոգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել