Խորհրդային տարիներին որսորդների համար այն եղել է արժեքավոր ավար` թանկարժեք մորթու պատճառով, իսկ, ընդհանուր առմամբ, հովազը համարվում է գիշատիչ, որը մեծ վնաս է հասցնում հատկապես անասնապահությանը: Այսպես է այդ կենդանատեսակը հիշատակվում խորհրդահայ մամուլի եւ մասնագիտական գրականության էջերում: Դեռ անցյալ դարի 1972-ին խորհրդային իշխանությունները արգելեցին բնության շղթայի կարեւորագույն օղակ` ընձառյուծի որսը, իսկ կենդանաբանները, Հայաստանի տարածքում 1978-1987-ին հաշվառելով ավելի քան 20 առանձնյակ, առաջարկեցին այս կենդանատեսակն ընդգրկել 1989 թվականին լույս տեսած «ՀՍՍՀ Կարմիր գրքի»` կաթնասունների բաժնում:Ի դեպ, ընձառյուծն իր «պատվավոր» տեղը զբաղեցրեց նաեւ ԽՍՀՄ եւ Միջազգային Կարմիր գրքերում: Ժամանակի հայտնի կենդանաբաններն իրենց աշխատություններում նշել են, որ մինչեւ 1970-ականների սկիզբը Հայաստանի հարավային տարածքների բնակիչ ընձառյուծը հանդիպել է նաեւ հյուսիսարեւելյան շրջաններում՝ Իջեւանի եւ Բերդի տարածքում:

Բնության զարդ` ընձառյուծ. պահպանե՞լ, փրկե՞լ, թե՞ …որսալ

Փաստերի համաձայն` վերջին անգամ այդ տարածքում ընձառյուծ նկատել են Բերդի եւ Ղազախի սահմանին: Ընդ որում` մեր երկրի հյուսիսային եւ հարավային տարածքները կապ չեն ունեցել միմյանց հետ, հովազն իր ճանապարհը հարթել է Ղարաբաղի եւ Արեգունի լեռնաշղթաներով: Հայաստանում ընձառյուծի անհետացման պատճառը, խորհրդահայ կենդանաբանների կարծիքով («Հայաստանի բնություն» հանդես) մարդածին (անտրոպոգեն) գործունությունն է` որսագողությունը կրում էր համատարած բնույթ, այնուհետեւ` կենդանու կերային բազայի նվազումը:Փաստացի տեղեկությունների համաձայն` միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում սպանվել է 75 ընձառյուծ, այսինքն` այդ կենդանատեսակի քանակը կրճատվել է ավելի քան 10-11 անգամ:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը պատմում է, որ մինչեւ 1972-ը պետությունը թույլատրել է չհամակարգված որսը, այդ թվում` նաեւ հովազի: «Եթե չեմ սխալվում մեկ գայլի համար այն ժամանակ պետությունը որսորդին վճարում էր 50 խորհրդային ռուբլի, իսկ հովազի համար` 100-150 ռուբլի»,- ասում է նա:Ըստ կենդանաբանների, ցավոք, խորհրդային շրջանում վատն այն էր, որ գիշատիչ թռչուններին կամ կաթնասուններին վնասատու էին համարում` չմտածելով, որ այդ տեսակները նույնպես կարեւոր դերակատարություն ունեն բնության մեջ:Մերօրյա մասնագետները նշում են, որ, Կարմիր գրքի մեջ ընձառյուծն ներառելով, իշխանությունները դեռ այն ժամանակ հասկացան, որ վտանգված է հովազի պոպուլյացիան եւ պետք է միջոցներ ձեռնարկել` այդ կենդանատեսակը փրկելու համար:


1978-1992 թթ. կենդանաբանները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հաշվառել էին հովազի 4 առանձնյակ: Երկար տարիներ արգելոցում աշխատած Մ. Ղասաբյանը նշում է, որ այդ տարիներին դեռեւս գոյություն ունեին կոլխոզ- սովխոզներ, Կաքավաբերդի տարածքում այծերի պոպուլյացիան նորմալացել էր, հետեւաբար` հովազի կերն առատ էր:ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտն առանձին չի զբաղվել ընձառյուծի ուսումնասիրությամբ: Առաջին անգամ այդ գործը ստանձնած կենդանաբան Իգոր Խորոզյանը նշում է, որ 1997-98 թթ. է սկսել է հավաքագրել փաստեր (արտաթորանք, ոտնաթաթերի հետքեր, կերի մնացորդներ եւ այլն) «Խոսրովի անտառ» պետական արգելոցից մինչեւ Մեղրի (Արաքսի հովիտ): 

«Կենսաքիմիական անալիզները ցույց տվեցին, որ իրականում կենդանին մշտապես ապրում է Հայաստանի տարածքում: Իսկ Վայոց ձորում եւ Սյունիքում ընձառյուծը միգրացիայի է ենթարկվում, այսինքն` գնում - գալիս է»,- ասում է Խորոզյանը եւ պնդում, որ հովազը, բացի վերը նշված տարածքներից, Բարգուշատի լեռներով անցնում է Ղարաբաղի բարձրավանդակ, այնտեղից էլ` Կովկասյան լեռներ:

Ներկա վիճակի մասին խոսելիս մասնագետները նշում են, որ հովազի համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չկան` չնայած կերային բազա համարվող կենդանատեսակների պոպուլյացիան տարեցտարի բարելավվում է, բայց հովազը մեր տարածաշրջանում իրեն պաշտպանված չի զգում:Այսինքն` հովազի կեր հանդիսացող կենդանիների՝ բեզոարյան այծի, վարազի, այծյամի եւ այլ խոշոր կաթնասունների թվաքանակը բավարար է, որպեսզի մեր երկրում ապրեն ավելի շատ հովազներ, քան այսօր հաշվառված 3-5-ը, ընդ որում` մի քանիսը համարվում են «միգրանտներ»:

Կենդանաբանները նաեւ պնդում են, որ Հայաստանում հովազի քանակությունն այնքան էլ շատ չպետք է լինի. 20- 25 հովազը բավարար է, քանի որ չունենք մեծ տարածքներ:Գիտականորեն ապացուցված է, որ յուրաքանչյուր հովազի համար, որպես ապրելավայր հարկավոր է 18-ից մինչեւ 25 հազրա հա. տարածք:«Կովկասյան ընձառյուծ» (WWF) ծրագրի համակարգող Ալիկ Մալխասյանը նշում է, որ կովկասյան ընձառյուծների ամենամեծ պոպուլյացիան հարեւան Իրանում է. իրանցի կենդանաբանները իրենց տարածքում մինչեւ 1000 առանձնյակ են հաշվել:

Պատճառներից մեկը այն է, որ հեղափոխությունից հետո Իրանի կառավարությունը մեծ տարածքներ է վերցրել պահպանության տակ` Հայաստանին սահմանակից տարածքներում:Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է, որ կովկասյան ընձառյուծը հիմնադրամի կողմից առանձնացված հատուկ ցուցակում է. «Ճիշտ է բեզոարյան այծը, մուֆլոնը, գորշ արջը նույնպես ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում, սակայն պետք է նկատել, որ, պահպանելով ընձառյուծին, պահպանում ենք նաեւ իր որս հադիսացող տեսակները»:

Բնության համաշխարհային հիմնադրամը, սկսած 2002-ից, իրականացնում է ընձառյուծի պահպանության ծրագիրը, որի շրջանակներում օգնել է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներին` նրանց տրամադրելով տեխնիկական աջակցություն, ընձառյուծի պահպանության համար տեղադրվել են ուղեփակոցներ եւ ցուցանակներ, հիմնվել են հակաորսորդային խմբեր, տրամադրվել են ամենագնաց մեքենաներ, ինչպես նաեւ մի շարք համայնքներում՝ իրազեկման ծրագրեր:

Տարիներ առաջ 6 երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) փորձագետների կողմից մշակվել եւ հաստատվել է «Կովկասյան ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարությունը», որի հիման վրա հայկական կողմը մշակել է նաեւ գործողությունների ազգային պլանը, որի մոտ 60 տոկոսն արդեն իրականացվել է, բայց դեռ անելիքներ կան` էկոլոգիական միջանցքների ստեղծում, նոր պահպանվող տարածքների հիմնում եւ այլն: 2009-ին կառավարության որոշմամբ ստեղծվել են «Արեւիկ» ազգային պարկը (34401.8 հա) եւ «Զանգեզուր» արգելավայրը (17369 հա), որոնքը շատ կարեւոր են ընձառյուծի պահպանության համար:

Արդեն աշխատանքեր են իրականացվում ՄԱԿԶԾ/ԳԷՀ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրի շրջանակներում, որպեսզի «Զանգեզուր» արգելավայրին միացվի նաեւ «Խուստուփ» արգելավայրը, եւ Հայաստանի հարավում կստեղծվի մեծ բնապահպանական ցանց, որտեղ, ըստ՝ Կ. Մանվելյանի իրենց հանգիստ կարող է զգալ 3-4 ընձառյուծ:«Հովազին պահպանել պետք չէ: Եթե կան պահպանվող տարածքներ եւ այդ տարածքի անձնակազմը աշխատում է ինչպես կարգն է, ապա հովազը կարող է հանգիստ ապրել իր ընտրած տարածքում»,- ասում է Ի. Խորոզյանը:Իսկ, ըստ Ղասաբյանի, միգրացիոն գործընթացն այս կենդանատեսակի համար բարդ է, քանի որ հայ- նախիջեւանյան սահմանը հսկվում է երկու կողմից, եւ մարդիկ չեն թողնում, որ հովազը նորմալ տեղաշարժվի: Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին 10 տարիներին Հայաստանի տարածում մոտ 5 հովազ է սպանվել, վերջին դեպքը գրանցվել է 2009-ի ձմռանը:

Մինչ օրս բնության գրկում ընձառյուծին հաջողվել է լուսանկարել ընդամենը երկու անգամ ՝ 2005 եւ 2007 թվականներին, որոնք մեր տարածք են անցել Իրանից: Երկու լուսանկարահանումը կատարվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից:Այսօր կառուցվում է Իրան-Հայաստան նոր ՀԷԿ-ը, եւ հարց է առաջանում` հովազն ինչպե՞ս կարող է առանց խոչընդոտների մուտք գործել Հայաստան. վերջին 10 տարիներին Հայաստանում հանդիպած հովազները կարողացել են կտրել Արաքս գետը եւ անցնել մեր տարածք: Իսկ նոր ջրամբարի կառուցումից հետո, ըստ մասնագետների, այն կարող է խոչընդոտ դառնալ կենդանու ճանապարհին:

Ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին պետ Արամ Աղասյանի հայ- իրանական համագործակցությամբ իրականացման փուլում է «Արեւիկ» ազգային պարկի (ՀՀ) եւ «Դիզմար» պահպանվող տարածքի (Իրան) միջեւ էկոմիջանցքների ստեղծումը, որը կձգվի մինչեւ Արաքսի հովիտ եւ կընդգրկի մոտ 4 հազար հա տարածք: «Դա շատ կարեւոր է հատկապես միգրացիայի ենթարկվող կենդանիների՝ ընձառյուծի, բեզոարյան այծի եւ այլ կենդանատեսկաների համար»,- ասում է Ա. Աղասյանը:

Նշենք, որ ընձառյուծը պահպանվում է նաեւ օրենսդրությամբ. տարիներ առաջ ընդունվեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին»օրենքը, որի համաձայն` կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով:

Վերջին տարիներին ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության գերակա խնդիր է դարձել կենդանական աշխարհի պահպանությունը, հատկապես` ապօրինի որսի դեմ աշխատանքը։ 

Սակայն ինչպե՞ս է ընթանում պայքարը հատկապես ստվերային որոսորդության դեմ, գնահատականները թողնում եմ ընթերցողին:

Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/53230.htm

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել