Իրանի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ «Իրավունք» թերթի հետ զրույցի ժամանակ ասել էի, որ վերջին շաբաթների իրադարձությունները սցենարի դեռ նախաբանն են, եւ գնալով Իրանի շուրջ օղակը սեղմվելու է:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակով Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել է, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի այս տարվա մրցաշարում Իրանին զրկում է հյուրընկալության իրավունքից եւ այդ մրցաշարին մասնակցելու ուղեգիր ստացած Իրանի ակումբային չորս հավաքականները պարտավոր են լինելու մրցակցին հյուրընկալել երրորդ անկողմնակալ երկրում: Որոշման համար հիմք են ծառայել տարածաշրջանում վերջին զարգացումներն ու Իրանում անվտանգության հետ կապված հարցերը: Մի կողմ թողած Իրանին հեղինակազրկելու հարցը, հիշյալ չորս ակումբներից երեքը՝ «Փերսփոլիս»-ը, «Էսթեղլալ»-ն ու «Սեփահան»-ը, միլիոնանոց համակիրներ ունեն, որոնց մոտ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ընդունած որոշումն, անշուշտ, բողոքի ալիք է առաջացնելու:
Իսկ սա դեռ միակը չէ:
ՀԳՀԾ-ին (Իրանի միջուկային համաձայնագիր) մաս կազմող եվրոպական երեք երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հունվարի 14-ին հայտարարեցին, որ Թեհրանի դեմ աշխատեցնում են տարաձայնությունների կարգավորման մեխանիզմը, որը հայտնի է «Ձգանի մեխանիզմ» անվամբ: Որոշումն ընդունվեց նրանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունների գործադրումը:
ՀԳՀԾ-ի 37-րդ կետի համաձայն «Ձգանի մեխանիզմը» կարող է ավտոմատ կերպով վերականգնել Իրանի դեմ միջազգային բոլոր պատժամիջոցները:
Իրանի միջուկային համաձայնագրի հիշյալ կետն ընդգծում է, որ եթե համաձայնագիրը ստորագրած եվրոպական երեք երկրներից որեւէ մեկը հանգի այն եզրակացության, որ Իրանը խախտել է համաձայնությունը կարող է ակտիվացնել տարաձայնությունների կարգավորման գործընթացը, որից հետո առավելագույնը 65-օրյա ժամկետում հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգ է դառնալու: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն համոզվի այն հարցում, որ Իրանը ոտնահարել է ՀԳՀԾ-ն կարող է քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները շտապ կերպով վերականգնելու օգտին: