AntiFake.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի17-ին, ժամը 15:04 -ին, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Թեև այս ցավալի դեպքի պատճառների առնչությամբ դեռևս որևէ պաշտոնական վարկած չկա, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, սորոսական շրջանակները և իշխանական այլ պրոպագանդիստներ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով շահարկում են ժամեր առաջ մահացած Կուտոյանի մահը՝ ուղղակի մեղադրանքներ հնչեցնելով նախկին իշխանությունների հասցեին, ինչն, ըստ էության, նախկին իշխանություններին հերթական անգամ անվանարկելու՝ հակաքարոզչություն կազմակերպելու «հարմար առիթ է»։

Կուտոյանի մահը շահարկողների շարքը «բացում են» հայտնի Սորոսականները:

1. Հանրային Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, ով հայտնի հեղափոխական է և հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցը, Կուտոյանի մահը կապել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի հետ: Նա գրել է. «Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան: Ողորմի»:

Հարց է առաջանում, թե ինչու՞ է Իոաննիսյանը շտապում հրապարակել այն, երբ որևէ պաշտոնական վարկած անգամ չկա ինքնասպանության կամ սպանության՝ այդ թվում հանցանքը կարարողի/ների ինքության մասին: Հետաքրքիր է, արդյո՞ք պարոն Իոաննիսյանը ԱԱԾ հարցաքննության կկանչվի` ներկայացնելով այն փաստերը, թե ի՞նչ հիմքով է պարոնը Կուտոյանի մահը վերագրում Սերժ Սարգսյանին և ԱԱԾ-ին։

2. Հաջորդ սորոսականը հեղափոխական և իշխանամետ Արթուր Սաքունցն է, ով վերը նշված դեպքերի հնարավոր մեղավորներին շտապել է փնտրել նախկինների մեջ՝ ակնարկելով, որ Կուտոյանը պաշտոնավարել է այն ժամանակահատվածում, որը իրենք՝ սորոսականները, բնութագրում են որպես պետության զավթման շրջան: Սաքունցը ասել է. «վարկած եմ առաջարկում՝ շատ կարևոր է արձանագրել, թե ո՞ւմ էր պետք և ո՞ւմ շահերից էր բխում Կուտոյանի ողջ չլինելը։ Միանշանակ է, որ Կուտոյանի չլինելով շահագրգռված չէ ներկայիս իշխանությունը»: Ի՞նչու է Սաքունցը միանշանակ պնդում, որ ներկայիս իշխանությունը կապ չունի այս ամենի հետ, ինչ փաստերի հիման վրա է նա նման միանշանակ պատասխան ներկայացնում հանրությանը, և ինչ հիմքերով է վերջինս այս ողբերգական դեպքի մեղադրանքը գցում «պետություն զավթողների վրա»՝ պետք է գրավի իրավապահ մարմինների ուշադրությունը:

3. Հաջորդը, ով պատկան մարմիններից «արագ է բացահայտել» Կուտոյանի մահվան հանգամանքները՝ Հանրային Խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանն է, ով աչքի է ընկնում իշխանամետ դիրքրոշմամբ և հանդիսանալով ՀԽ նախագահ չի պահպանում քաղաքական չեզոքություն: Վերջինս գրել է. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...» :

ՀԽ նախագահին համապատասպան քաղաքական չեզոքություն չպահպանող այս անձի հայտարարությունները ևս պետք է լինեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և եթե նրա խոսքերը համապատասխանում են իրականությանը ապա պետք է բացահայտվեն, իսկ Արթուր Վանեցյանի, և ոչ միայն, անվտանգությունը ապահովվի բարձր մակարդակով:

4. Երևանի ավագանիում «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լուսի Գևորգյանը ևս շատ արագ է կողմնորոշվել և իրավապահներից շուտ բացահայտել է դեպքի մանրամասները: Տիկինը վերը նշված դեպքերը վերագրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ չբերելով որևէ փաստարկ իր ունեցած տեղեկությունների մասին և չհիմնավորելով իր տեսակետը:

5. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրել է. «Գեորգի Կուտոյանի հետ կատարվածը շոկահարույց է: Ամեն դեպքում ԱԱԾ նախկին պետի բռնի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ: Ցավակցություններս եմ հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»: Պաշտոնական վարկածի բացակայության պարագայում իշխանական պատգամավորի կողմից բռնի մահ եզրույթի առաջ քաշումը ևս անհասկանալի է:

6. Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում ենթադրել է, որ այդ ամենը անցյալի արձագանքն է: «Ես դա ինչ-որ ձևով անցյալի արձագանք եմ որակում… տարբեր ձևերով կարող ենք դա հասկանալ»,-ասել է Սիմոնյանը: Առանց պաշտոնական վարկածի՝ Ալեն Սիմոնյանը լրագրողի այն հարցին, թե տարօրինակ մահերը չեն ենթադրում անվտանգության ամրապնդում, Սիմոյանը պատասխանել է, որ խոսքը ինքնասպանության մասին է. «Նման պարագայում ինչ վերահսկողության մասին է խոսքը գնում, չգիտեմ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

7. Իշխանության պաշտպաններից մյուսը՝ Ռուբեն Մեհրաբյանը, ևս անմասն չի մնացել անհարկի շահարկումներից:

8. «Հեղափոխության»  աջակից, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը այս ցավալի դեպքի վերաբերյալ ծաղրական հրապարակում է արել:

9. Սորոսական մյուս «իրավապաշտպան» Նիկա Կարապետյանցը ևս շտապել է գուշակություններ անել՝ տեղեկացնելով, որ ինքը զգուշացրել էր այս ամենի մասին: «Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Հայկ Հարությունյանը վերջին "զոհը" չի լինելու»,- գրել է նա:

10. Հաջորդ անդրադարձը կատարել է հակառուսական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, ով ևս տարօրինակ զուգադիպությամբ իրավապահներից շուտ է «տեղեկացել» դեպքի մանրամասներին:

11. «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքն էլ, որը հայտնի է որպես իշխանական քարոզչամիջոց և որն ըստ օդում կախված լուրերի ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանի կողմից, գրել է, որ «Կուտոյանի նախկին կոլեգան իրենց հայտնել է, որ կարող էին սպանել նախկին իշխանությունները»։

Տեղեկացնենք, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են գնացել նաև Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջորդած Արթուր Վանեցյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով շատ հուզված է եղել և լաց է եղել:

«Նախնական տվյալներով Կուտոյանի դին հայտնաբերել է կինը: Դեպքի վայրի զննությանը մասնկանցում են դատական բժիշկները, որոնց մասնակցությամբ կպարզվի թե քանի վնասվածք է ունեցել Կուտոյանը…Դեպքի վայրում զենք կա, այո՛»,-ասել է ՔԳ նախագահի տեղակալը:

Ավելի ուշ Արթուր Մելիքյանն ասել է.

«Մի շարք զննություններ են արվել։ Տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն առգրավման փուլում են։ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում։ Վաղն արդեն փորձագետներն ավելի ստույգ կպարզեն մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»։ «Հայտնաբերվել են 3-4 տասնայկից ավելի պարկուճներ, գնդակներ։ Դեռ չունենք որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայն լսած լինի։ Քունքի շրջանում մեկ կրակոց ֆիքսվել է, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Այս պահին բազմաթիվ գործողություններ են արվում»։

Մելիքյանը նշել է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով։

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանը 2016-2018թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել