Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան հրաժարականի վերաբերյալ երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է վերջինիս և կառավարությանը հնարավորություն տալ:
«Ես ստացել եմ հեռացման մասին Ձեր հայտարարությունը... Դուք գիտեք, որ ես որոշել եմ Ձեզ և Ձեր կառավարությանը հնարավորություն տալ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին հայտնել է Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահն իր որոշումը բացատրել է այսպես. «Հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես սասանելու համար»: Բացի դա, վերջինիս խոսքով՝ վարչապետը և կառավարությունը բնակչության կողմից վստահության մեծ «վարկ են ստացել», որը դեռ «չեն մարել»:
Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ պատրաստ է հնարավորություն տալ մի շարք հանձնարարականներ կատարելու պայմանով: Մասնավորապես, նա վարչապետին խնդրել է նախագահի գրասենյակին և անձամբ իրեն ներկայացնել բոլոր նախարարների, փոխնախարարների, գերատեսչությունների և պետական ընկերությունների աշխատավարձերի նոր կոնցեպցիա, որը պետք է լինի «այն բանի ընկալմամբ, թե որտեղ և ինչ բարդ իրավիճակում են իրենք»:
«Դա պետք է լինի նորմալ աշխատավարձ: Երբ Դուք և Ձեր կառավարությունը կբարձրացնեք այս տնտեսությունը, կարելի կլինի նաև աշխատավարձերը բարձրացնել»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին նաև վարչապետին խնդրել է ելք գտնել «Нафтогаз»-ի շուրջ ստեղծված իրավիճակից, «գտնել նախարարների կաբինետի թույլ տեղերն» ու նկատի ունենալ կառավարության որոշ անդամների փոխարինման հարցը:
Զելենսկիի խոսքով՝ որոշ նախարարություններ բաժանելու անհրաժեշտություն կա. «Հավանաբար, հարցեր կան Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն զբաղվում է ամեն ինչով, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ, և այժմ, ինձ թվում է, նոր մոտեցում է պետք»,- ասել է նա,- « Հնարավոր է՝ դա վերաբերում է Մշակույթի և Վետերանների նախարարություններին: Ես ցանկանում եմ Ձեզանից լսել այդ առաջարկությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։