Բաղդադում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և ցուցարարների միջև: Sky News-Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ, Էս-Սանակ շրջանում Տիգրիս գետով անցնող կամուրջի մոտակայքում, իրավապահներն արցունքաբեր գազ են օգտագործել և նախազգուշական կրակ բացել բողոքի ակցիայի ակտիվիստների վրա: Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 25-ը՝ վիրավորվել:

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչ Աբդել Քերիմ Խալաֆը, ըստ Al Sumaria հեռուստաալիքի փոխանցման, հայտարարության մեջ ասել է, որ Էս-Սահնակ կամուրջի վրա պարեկները հարձակման են ենթարկվել «դիվերսիոն խմբի» կողմից և հակահարված են տվել նրանց: Սակայն Խալաֆը չի նշել, թե արդյոք բախումների հետևանքով սպանվածներ կամ վիրավորներ կան:

Բաղդադի կենտրոնում բողոքի ցույցերը սկսվել են ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո: Ակտիվիստները հավաքվել են Թահրիր հրապարակում և հայտարարել երեք ամիս առաջ սկսված «հեղափոխությունն ընդդեմ կոռուպցիայի» շարժումը շարունակելու մտադրության մասին: Ցուցարարները կոչ են արել լուծարել խորհրդարանը և երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ:

Բաղդադում տեղի է ունեցել նաև արմատական շիաների իմամ Մուկտադա ալ-Սադրի կողմնակիցների ցույցը, որի մասնակիցները պահանջել են Իրաքի տարածքից դուրս բերել ամերիկյան զորքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել