Pastinfo.am-ը գրում է․

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ բավական ուշագրավ տեղեկատվություն է փոխանցում ներկա կառավարության նպատակաուղղվածությունների վերաբերյալ:

Պարզորոշ տեսանելի է, որ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի առջև հստակ հանձնարարական է դրված՝ բյուջեն լցնելու վերաբերյալ: Մոտավորապես այս տրամաբանությամբ՝ գտեք, հայտնաբերեք աղբյուրներ, իմա՝ պետական հաստատություններ, որոնց օպտիմալացման արդյունքում կունենաք պարգևավճարներ:

Կարծում եմ՝ հանրությունը դեռ չի մոռացել մշակույթի ոլորտում Նազենի Ղարիբյանի ռացիոնալիզատորական առաջարկությունները՝ այդ թվում՝ միմյանցից տարբեր ՊՈԱԿ-ներ միացնելու, հաստիքներ կրճատելու և գումարներ խնայելու մասին:

Այս համատեքստում, օրինակ, սոցապը ներկայացնում է ծերանոցների և մանկատների օպտիմալացման իր ծրագիըը, քաղաքային իշխանությունն արդեն իսկ քննարկում է որոշ երաժշտական դպրոցներ միացնելու ծրագիր, կառավարությունը մի պահ նույնիսկ մտմտում էր մշակութային բուհերի՝ պետական կոնսերվատորիա, գեղարվեստի ակադեմիա, ևա այլն, միացման շուրջ…

Հիմա, ծննդատների ֆինանսավորման դադարեցումը հենց այս տիրույթում է:

Ընդհանրապես, թավշյա յուրաքանչյուր ղեկավար ունի բյուջեն լցնելու իր առասպելը, ասենք, անթիվ-անհամար հնոտիք մեքենաների մուտքը Հայաստան, ինչ է, թե՝ դրանց մաքսազերծման արդյունքում բյուջեն կլցվի, սակայն թե դրանից հետո՝ ժողովրդի՝ թոշակառուի թոշակի կամ նվազագույն աշխատավարձի ու պայմանագրային զինծառայողի, ուսուցչի, գիտնականի աշխատավարձի քանի տոկոսը կբարձրանա, հոգ չէ, կարևորը վերին մակարդակներում նստած անարդյունավետների աստղաբաշխական պարգևատրումներն են:

Ի դեպ, 2019 թվականին կատարված փորձագիտական հետազոտության տվյալներով՝ Հայաստանի մի շարք մարզերում մահերն ավելին են եղել, քան ծնունդները: Միտումը տագնապեցնող է: Եվ առողջապահության նախարարի այս առաջարկն ուղղակի հարված է լինելու գյուղական բնակավայրերին, հատկապես՝ սահմանամերձ գյուղերին: Նման առաջարկն ուղղակի վկայում է այն մասին, որ կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Մի կողմից մինչև 2050 թվականը հինգ միլիոն բնակչության մասին է խոսք գնում, մյուս կողմից՝ առանց այն էլ նվազ ծնունդների նվազեցման քաղաքականություն է վարվում: Այսինքն, առողջապահության նախարարը ծնունդները խթանելու փոխարեն ուղղակիորեն վիժեցնում է ծնունդները, մինչդեռ գյուղական բնակավայրերում ամեն ծնվող երեխայի համար պետությունը թիվ 1 նախանձախնդիրը պիտի լինի, մինչդեռ պետությունն է նրանց համար բարդություններ ստեղծում: Թերբեռնված և տեխնիկական վերազինման կարոտ բուժհաստատությունը կարելի է դարձնել ավելի կոմպակտ՝ զուգահեռաբար էլ տեխնիկապես հագեցնել: Հակառակ դեպքում՝ շղթայական կապով՝ մանկապարտեզ ու դպրոց կփակվի, մանավանդ, այսօր իշխանությունները կրկին ոգևորված են համայնքների խոշորացմամբ, որը հղի է դեպի ինֆրաստրուկտուրաներին մոտ բնակավայրեր տեղափոխմամբ, արդյունքում՝ գյուղեր կդատարկվեն՝ իրենց բոլոր հետոյական հետևանքներով:

Այսպես, քանդելու տրամաբանությամբ ծրագրված քաղաքականություն է վարվում: Քանդել-քանդել մինչև վերջ տրամաբանությամբ:

Մի անգամ արդեն այդ փուլն անցել ենք, երբ Խորհրդային Հայաստանի ողջ արտադրական պոտենցիալը մսխվեց՝ հաստոց առ հաստոց, մաս-մաս վաճառեցին այն ժամանակվա իշխանությունները՝ որպես մետաղի ջարդոն: Այդ էին կարող և այդ արեցին՝ թողնելով նախկին արդյունաբերական Հայաստանի կմախքը:

Ներկաների ճանապարհն էլ, ըստ էության, նույնն է: Առայժմ ոչինչ չեն ստեղծել ու կառուցել, բայց ինտենսիվ քանդում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել