Civilnet.am-ը գրում է.

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը հաղորդում է, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում, որտեղ նախքան քաղաքացիական  պատերազմի սկիզբը շուրջ 30 հազ. հայ էր բնակվում, առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` սնունդի և վառելանյութի խիստ պակաս է զգացվում:

Սիրիայի նահանգներից դեպի Հալեպ ելքն ու մուտքը փակ է, հաղորդում է թերթը: Մեծագույն խնդիրը ալյուր ձեռք բերելն է, գրեթե բոլոր հացի փռերը փակ են: Գրեթե անհնար է ձեռք բերել բենզին, այն էլ` տասնապատիկ թանկ գներով: Քանի որ Հալեպի բժիշկների մեծագույն մասը դուրս է եկել Հալեպից, առաջացել է առողջապահական լուրջ խնդիր: Կանգ է առել նաև շտապօգնության աշխատանքը: Այս վիճակը Հալեպում շարունակվում է շուրջ տասը օր:

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել