Econews.am-ը գրում է.

Սյունիքի մարզում գործում է 11 մետաղական հանքավայր, ևս 28 մետաղական հանքերի երկրաբանական ուսումնասիրություններ անելու թույլտվություն է տրվել: Այս մասին ասաց Համահայկական Բնապահպանական Ճակատի անդամ Լևոն Գալստյանը հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքերով՝ այդ 28 մետաղական հանքերի շահագործման դեպքում մենք կունենանք մոտավորապես 40 գործող մետաղական հանքավայր Սյունիքի մարզում. «Այդ ծավալի հանքարդյունաբերությունը իր պոչամբարներով մոտ քսան տարի անց տարածքը կդարձնի անպիտան բնակության համար: Սյունիք կատարած մեր այցելության ժամանակ տեսանք 6-7 փակված և 5-6 գործող պոչամբար, որոնց վիճակն ու մասշտաբները մտածելու տեղիք են տալիս: Այդ պոչամբարները միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, առանձնացված չեն բնությունից որևէ ցանկապատով: Բազմաթիվ գյուղացիներ պատմում են, թե ինչպես են իրենք այնտեղ լողացել, էլ չենք խոսում, որ անասուններն անարգել արածում ու ջուր են խմում պոչամբարից: Անգամ ցուցանակներ չկան, այսինքն՝ ամեն կերպ փորձում են այնպես անել, որ մարդիկ չիմանան պոչամբարի վտանգների մասին»,- ասաց Լ. Գալստյանը:

«Ողջի գետի վերևում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշել է իր համար ջրամբար սարքել՝ այդ ջուրը կոմբինատի աշխատանքների համար օգտագործելու նպատակով , և ոչ ոք չգիտի՝ թույլտվություն ունի՞, թե՞ ոչ». Լևոն Գալստյան 

Բնապահպանները հունիսի 25-ին նկատել են Ողջի գետի վարարելը և սարսափելի հոտը: Փորձելով ճշտել գյուղացիներից, արդյոք գետի վարարումը նորմալ և նկատվող երևութ է, հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվել: Ինչպես նշեց Լևոն Գալստյանը, Ողջի գետի վերևում գտնվում է 40 մլն մ3 ծավալով Գեղիի պոչամբարը, որի մոտ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշել է իր համար ջրամբար սարքել՝ այդ ջուրը կոմբինատի աշխատանքների համար օգտագործելու նպատակով , և ոչ ոք չգիտի՝ թույլտվություն ունի՞, թե՞ ոչ:

Լ. Գալստյանն անդրադարձավ նաև Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի խնդիրներին. «Ըստ աշխատակիցների՝ վթարը տեղի էր ունեցել նախորդ օրը: Պլաստիկե խողովակաշարը մի քանի տեղից պատռված էր, ամբողջ գետի ջուրը, որ պետք է առանձնացված հոսեր պոչամբարից, լցվել էր պոչամբարի մեջ այնքան մեծ քանակությամբ, որ գետի ջուրը սովորականից 5 անգամ ավելի շատ էր: Բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին ահազանգելուց հետո նրանք հետագայում հերքեցին, թե իրականում ոչ մի խնդիր չի առաջացել: Սակայն տրամաբանող մարդը, նայելով տեսանյութը, կհասկանա, որ իրականում շատ լուրջ վթար է եղել, որը փորձել են թաքցնել, քանի որ իրենք իմանալով վթարի մասին՝ չեն ահազանգել դրա մասին նույնիսկ ԱԻՆ-ին: Պոչամբարի ներքևի մասի խողովակից՝ թունավոր նյութերով ողողված ջուրը լցվում էր գետը»,- ասաց Լևոն Գալստյանը և հավելեց, որ իրենց հնգօրյա այցի ընթացքում հասկացել են, որ Սյունիքի մարզում վերահսկողություն չկա, ոչ մի լաբորատոր հետազոտություն չի կատարվում, ոչինչ չի ուսումնասիրվում:

Քաջարանում բնապահպանները նույնիսկ չափել են  ռադիացիայի մակարդակը և նկատել, որ նորմայից բարձր է՝ 90-100 միկրոռենտգեն/ժամ:

<<Սյունիքի մարզի օրինակը ցույց է տալիս, որ Եթե այս տեմպերով շարունակենք հանքարդյունաբերությունը, որը նպատակ է դրել խժռել ընդերքի հարստությունը 10-20 տարվա ընթացքում, մենք Հայաստանում ապրելու միջավայր չենք ունենալու, փոխարենը՝ կունենանք հանքավայրեր եւ պոչամբարներով լցված ձորեր>>,- ասաց Լևոն Գալստյանը:
Բնապահպանները կարծում են, որ Հայաստանում հանքարդյունաբերությամբ պետք է զբաղվել, բայց ոչ այս տրամաբանությամբ: <<Երկար տարիներ շահագործվող մեր թվով 3-4 հանքավայրերը պետք է բնապահպանական միջազգային չափանիշներին համապատասխանեցնել և պետք է պատկանեն ժողովրդին, և ոչ թե անհայտ կազմակերպությունների,իսկ եկամուտը պետք է բաշխվի հավասարաչափ: Իսկ նոր հանքավայեր իրականում մեզ այսօր պետք չեն լինի, եթե վերոնշյալներից ստացված եկամուտը բաշխվի ժողովրդի և պետության միջև», -ասաց Լևոն Գալստյանը:

Ինչ վերաբերում է պոչամբարներին, ապա Լևոն Գալստյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ մեր երկրում գործող պոչամբարները ընդհանրապես բնությունից առանձնացված չեն, իսկ փակված պոչամբարները ծածկված են մոտավարապես 10 սմ-ոց հողի շերտով, որը այլ կերպ անվանում են ռեկուլտիվացիա:

Սյունիքում ոչ ձախ, ոչ աջ կողմում մի տեղ չկա, որ նայես ու պոչամբար չտեսնես. Լոս Անջելեսաբնակ ակտիվիստ Սյուզի Պետրոսյան

Բնապահպան-ակտիվիստ Սյուզի Պետրոսյանը եկել է Հայաստան ոչ թե տուրիստների նման վայելելու բնության գեղեցկությունը, այլ տեսնելու, թե ինչպես է խեղվում գեղեցկությունը հանքարդյունաբերական վայրերում: «Սյունիքում տեսա, թե ինչպես է պոչամբարի ջուրը հանգիստ լցվում Արաքս գետը: Նկատել եմ, որ Սյունիքում ոչ ձախ, ոչ աջ կողմում մի տեղ չկա, որ նայես ու պոչամբար չտեսնես: Գյուղացիներին այն վիճակին են հասցրել, որ նրանք այլ ելք չունեն, քանի որ նրանց ձեռքից խլում են իրենց հոերը և առաջարկում միակ գործը՝ աշխատել հանքում: Սյունիքի հանքերն ու պոչամբարները տեսնելով՝ հասկացա, թե մեր երկրում մեր ղեկավարներն ինչքան անկուշտ են»,- ասաց Սյուզի Պետրոսյանը:

Քաջարանում մարդը ընկնում է՝ մեռնում է, գալիս են փողը տալիս են, ծածկում են դեպքերը: Իսկ հ ինչու՞ են ուզում գյուղը հանել սահմանից, չէ որ դեռ պաշարներ կան, քանի որ այնտեղ ընդերքն ավելի հարուստ է, ոչ մի նոր փորձաքննություն չի անցկացվում, տարածքն իրենցն է, իրենք էլ ուտելով ընդլայնվում են»,-ասում է Եղիա Ներսեսյանը:

Իսկ թե ինչու բնապահպանները չեն փորձում փոխհամաձայնության գալ հենց հանքարդյունաբերող ընկերությունների ղեկավարների հետ, պատասխանը շատ պարզ է. «Եթե հանքատերերը գիտակցաբար թալանում են մեր հողն ու ընդերքը, մենք նրանց հետ ընդհանրապես խոսելու կամ կիսելու բան չունենք»,- ասաց Եղիա Ներսեսյանը և հավելեց, որ փորձում են ստիպել պետությանը տեր կանգնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ ընդերքը պատկանում է ժողովրդին կետին:

«Սյունիքի մարզում 35 տ. տղամարդը տեսախցիկի առաջ ամաչում է բարձրաձայնել տղամարդկային ֆունկցիայի խանգարման մասին, իսկ կանայք ամաչում են ասել, որ չեն կարողանում երեխա ունենալ»,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու բնակիչներն իրենք չեն բարձրաձայնում Սյունիքում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած իրենց առոջական խնդիրների մասին:

Եղիա Ներսեսյանը նկատել է նաև, որ կապանցիները, որոնք անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգում հանքարդյունաբերության վնասները, դժվարությամբ են բարձրաձայնում իրենց առողջական խնդիրների մասին տեսախցիկի առաջ, սակայն հիվանդությունների մասին նրանք պատմում են ավելի մտերմիկ մթնորոլտում:

Եղիա Ներսեսյանը նաև նշեց, որ վնասը միայն առողջական չէ. «Միայն Մեղրիում Ագարակի պոչամբարը, որը լցվում է Արաքս գետ, երեսուն հազար հեկտար ծիրանի այգիների չորացման պատճառ է դարձել»,- ասաց Եղիա Ներսեսյանը և ավելացրեց, որ չկա ոչ մի հանք, որ սկզբնական լիցենզիան ստանալուց հետո չի ընդլայնվել. «Սկսում են ընդլայնվել, ախորժակը ուտելուց է մեծանում»:

 Անդրադառնալով Լիճքի հանքին, Եղիա Ներսեսյանը շեշտեց, որ այն գտնվում է ամբողջ տարածքի և հատկապես Մերիի ջրամատակարարման կենտրոնից 700 մետր վերև: <<Եթե այնտեղ պայթեցումներ անեն և հանք շահագործեն, դա նշանակում է Կարմիր խաչ ենք քաշում Մեղրիի վրա, որովհետև բնակիչները խմելու ջրի այլ աղբյուր չունեն>>, -ասաց Ե. Ներսեսյանը:

Եղիա Ներսեսյանը նաև պատմեց, որ իրենց այցի ընթացքում հյուրընկալվել են մի հանքափորի տանը, ով ցույց է տվել, թե ինչ ուտելիք է հասնում հանքափորին՝ մեկ շիշ մածուն, երկու կտոր երշիկ, մեկ կարտոֆիլ, մի կտոր պանիր ու կես հաց, որի համար նույնիսկ պահում են կատարում աշխատավարձից:
Բնապահպանները վերջում նշեցին, որ հանրությունը իրազեկման շատ լուրջ խնդիր ունի և պետք է հասնել նրան, որ մարդիկ գրասենյակներից դուրս գան և հասկանան, որ Հայաստանը գտնվում է մահամերձ վիճակում:

Սաթենիկ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել