Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 14-ին, Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։

Ժամը 11։40-ի սահմաններում Վահրամ Փափազյան և Հովսեփ Էմին փողոցների խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գառնիկ Բալասանյանի և մեկ այլ՝ ավտոմեքենայի վարորդի միջև։

Shamshyan.com-ի հաղորմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաշքշել է Գ. Բալասանյանին, նրա հասցեին հնչեցրել առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիք, որից հետո ավտոմեքենայի սրահից հանել է դանակը և հարձակվել նրա վրա, իսկ վերջինիս ուղևորը մի քանի անգամ հարվածել է Գ. Բալասանյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և այդ ամենը զուգորդվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, տաք հետքերով ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Opel-ը հանդիսանում է 50 DD 088 համարանիշի ավտոմեքենան, և նշված միջադեպի ժամանակ այն վարել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 67-ամյա Հակոբ Մ․-ն, իսկ ուղևորը եղել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 62-ամյա Կորյուն Մ․-ն։

Վերջիններիս քրեական հետախույզները հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանում և բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք եղբայրներ են, իսկ Գ. Բալասանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի թիվ 2 ենթակայանում՝ որպես բժիշկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել