Livenews.am-ը գրում է․
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը, որի հետ զրուցեցինք Հայաստանի որոշ համայնքներում ծննդատները փակելու՝ կառավարության քաղաքականության մասին։
Նա հաղորդման սկզբում անդրադարձավ օրերս Մեդիա կենտրոնից ստացած հրավերին՝ առողջապահության նախարարության և մարզպետարանի մասնագետների, փորձագետների ու պատասխանատուների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մարալիկի ծննդատան փակման թեմայի շուրջ խոսելու համար և ասաց, որ վերջին օրն իրեն ասել են, որ չներկայանա այդ հանդիպմանը։ Բժշկուհին ասաց, որ նախարարության աշխատակիցները թերևս մտավախություն են ունեցել, որ իր բարձրացրած մտահոգություններին չեն կարողանա համոզիչ պատասխաններ տալ, ուստի նախընտրել եմ միակողմանիորեն ներկայացնել խնդիրը։
Ինչ վերաբերում է Մեդիա կենտրոնի վերաբերմունքին, դա բժշկուհու համար զարմանալի չէր, քանի որ լինելով սորոսական աղբյուրներից սնվող կառույց՝ կենտրոնը փորձում է զերծ մնալ ոչ իշխանահաճո տեսակետներ հայտնելուց։
Նունե Ներսիսյանը կտրականապես դեմ է, որ Հայաստանի որևէ մարզում բժշկական ծառայություն փակվի՝ ասելով, որ մենք փաստացի պատերազմական իրավիճակում ենք գտնվում, պատերազմի վերսկսման վտանգի տակ, և նման պայմաններում մեզանում բուժկենտրոն, բժշկական ծառայություն, դպրոց փակելը հանցագործություն կարելի է որակել։
«Եթե պատերազմ լինի, սահմանին գտնվող համայնքներում հղիներին, որոնք կարող է արյունահոսել, ինչպե՞ս են տեղափոխելու հեռավոր հիվանդանոց։ Ձիթհանքով գյուղը Մարալիկից հեռու է մոտ 13 կմ։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե ավելի լավ է փակեն ծննդատները և զարգացնեն շտապ օգնության ծառայությունը։ Շտապ օգնությունը մինչև Մարալիկից Ձիթհանքով գնա, այնուհետև՝ Գյումրի, մոտ 40-50 կմ ճանապարհ պետք է կտրի։ Հաշվի առնելով, որ գյուղական ճանապարհներն այնքան էլ լավ վիճակում չեն, այդ ճանապարհն ավելի կերկարի, ո՞վ է պատասխան տալու այդ ժամանակ դժբախտ դեպքերի համար։ Այդ ժամանակ մենք և մանկական, և մայրական մահացություններ կարող ենք ունենալ։ Դա բարեփոխում չէ առողջապահության ոլորտում»,- ասաց բժշկուհին։
Եթե նախարարությունը պնդում է, թե նաև մասնագետների պակասի պատճառով է ծննդաբերական բաժինը փակում, ապա ի տարբերություն Մարալիկի, Աչաջուր համայնքում կան բոլոր անհրաժեշտ և որակյալ կադրերը։ Բայց նաև այդ ծննդատան ֆինանսավորումն է դադարեցվել։ Ուստի մասնագետների բացակայությունը, Նունե Ներսիսյանի համոզմամբ, ընդամենը պատրվակ է։ Ցանկության դեպքում կարելի է նաև Մարալիկի հիվանդանոցը հագեցնել մասնագետներով։ Ցանկացողներ կան։
Ի՞նչ չափորոշիչներով է սահմանվել տարեկան 150 ծնունդը, որից պակաս ծնունդներ ունենալու դեպքում առողջապահության նախարարությունը պարզապես փակում է ծննդաբերական հաստատությունը կամ բաժինը։ Բժիշկն ասաց, որ հստակ չափորոշիչներ, հիմքեր չկան, և հասկանալի չէ, թե այդ թիվն ինչպես է սահմանվել։
Նա ասաց նաև, որ առաջիկայում փակվելու են ևս 9 ծննդատներ՝ Մարալիկից բացի։
Նունե Ներսիսյանի համոզմամբ՝ ծննդատների համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղորդվելու են դժվարամատչելի հետազոտություններին։ Այս տարի դժվարամատչելի հետազոտությունների համար նախատեսված է 80 մլն դրամ։ Իսկ առողջապահության նախարարի կինը ղեկավարում է «Միբս» բժշկական կենտրոնը, որտեղ հենց այդպիսի հետազոտություններ են կատարվում։
Մանրամասները՝ տեսանյութում