Tert.am Life-ը գրում է.

«2019-ն ինձ համար կարևոր տարի էր՝ լի թե լավ, թե վատ էմոցիանորով: Բարդ ու շատ բուռն տարի էր». այսպես դերասանուհի Ժաննա Բուտուլյանը բնորոշեց իր 2019-ը՝ նկատելով, որ տարին հաջող էր աշխատանքային ու նոր ընկերներ ձեռք բերելու առումով:

Տարեսկզբին Tert.am Life-ը հանդիպել է Ժաննային ու հետաքրքիր զրույց ունեցել դերասանուհու հետ: 2019-ը նրա համար հեշտ չէր, առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, այս տարի ավելի քան պետք էր նրան: Արդյունքում հասկացել է, որ պետք է վերադառնա այդ մասնագիտությանը:

-2019-ը բարդ բնորոշեցիր. ինչպե՞ս է հոգեբան Ժաննան օգնում քեզ, երբ բարդ ժամանակներ ես ապրում:

-Մասնագիտությունս ինձ շատ է օգնում: Հոգեբան Ժաննան այս տարի ձեռք բերեց նոր փորձ՝ ճանաչելով ու բացահայտելով մարդկային նոր տեսակներ, որոնց բախվելու առիթ նախկինում երբեք չէր ունեցել: Ավելի, քան երբևէ սկսել եմ մտածել հոգեբանի աշխատանքով զբաղվելու մասին: Այ, նոր ուսումս կարող եմ համարել լիարժեք:

-Ինչո՞ւ:

-Հաճախ ակնհայտ տեսնում եմ մարդու խնդիրն ու մտածում՝ երանի գիտակցեր, որ այ սա է իրեն խանգարում ապրել: Իրականում շատ դժվար է մարդուն հասկացնել, որ խնդիր ունի, երբ դիպչում ես նշանակետին, դիմադրություն ու կոնֆլիկտ է առաջացնում: Ամենաբարդն ինքդ քո ներս նայելու քաջություն ունենալն է: Երբ դա անում ես, խնդիրը լուծելը դառնում է շատ հեշտ, խնդիրը գիտակցելուց հետո լուծումն ինքնըստինքյան գալիս է:

-Հեշտ է խոսել այլ մարդկանց ուղղորդելու մասին, իսկ ինքդ քո ներս նայելու քաջություն ունե՞ս:

-Չեմ ուզում կրկնել շատ մարդկանց սխալն ու ասել, որ ես ինձ լիարժեք ճանաչում եմ, միշտ ներս եմ նայում, չեմ սխալվում, բայց ես փորձում եմ զբաղվել ինքնավերլուծությամբ: Մասնագիտությունս ինձ օգնում է, որովհետև նախ և առաջ մեզ սովորեցնում են ճանաչել և վերլուծել մեզ:

-Հիմա ի՞նչ ես տեսնում, երբ քո ներս ես նայում:

-Կյանքումս առաջին փուլն է, երբ հետ եմ նայում ու ինչ-որ բաների համար փոշմանում: Երևի, այս պահից է: Կան բաներ, որոնք այլ կերպ կանեի, բայց որպես քրիստոնյա հավատում եմ, որ յուրաքանչյուրս անցնում ենք այն ուղին, որով պիտի անցնենք, և դա է ամենաճիշտ ճանապարհը: Հետագայում երևում է, թե ինչն ինչու եղավ և նույնիսկ քո սխալները սկսում են աշխատել հօգուտ քեզ, սեփական փորձն անգին է:

-Ինչի՞ համար ես ափսոսում:

-Ափսոսում եմ դանդաղ ապրելու համար. շատ բաների, որոնց այսօր եմ հասնում, կարող էի շատ ավելի շուտ հասնել: Մյուս կողմից հասկանում եմ, որ դա գալիս է կյանքի փորձից: Ես այս կետում պիտի հասկանայի այս ամենը: Տեսակով ձեռնարկող չեմ, հաճախ գնում եմ հոսանքով: Դա անում եմ գիտակցաբար, բայց նախաձեռնողականություն չեմ ցուցաբերում: Երևի, մի քիչ պետք էր շտապել:

-Ինձ մոտ տպավորություն է, որ ներքին հակասությունների մեջ ես:

-Ճիշտ նկատեցիր, որ հակասությունների մեջ եմ, բայց այս զրույցի ընթացքում հասկացա, որ այդ հակասությունները բնականոն ընթացք են: Հիմա ինձ մոտ հայացքների պայքարի փուլ է: Որոշել եմ ավելի նախաձեռնող լինել և մասնակցել իմ կյանքին:

-Կյանքիդ ո՞ր փուլից ես ամենից շատ բացակա եղել:

-Վերջին 10 տարում ես իմ կյանքից բացակա եմ եղել (ծիծաղում է, հեղ.)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել