ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ  ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ հաղորդագրության՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից մեկի՝ Տաշիրի մասնաճյուղ, որտեղ շրջանցելով սպասարկման տաղավարը՝ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հարձակվել է բանկի աշխատակցուհու վրա՝ ցանկանալով հափշտակել վերջինիս մոտ դրված դրամարկղի մեջ առկա կանխիկ գումարը: Սակայն վնասազերծվել է մասնաճյուղի սրահում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հարձակման ենթարկված ընկերությունը և ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Տաշիրի բնակիչ է ծնված 1987թ.։ Նա ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը,  առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաև դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել