Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշմանը, ապա դատախազությունից հայտնեցին, որ այն դեռևս չեն ստացել։

Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Քննիչը որոշում է կայացրել նշված անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ խարդախությամբ գումար հափշտակելու համար ու միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

«Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, իսկ ՀՖՖ տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդության քննությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանին, որոնք մերժել էին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Քրեական գործով Ռուբեն Հայրապետյանն ունի վկայի կարգավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել