Մեր ընթերցողներից բաց նամակ ենք ստացել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ,  

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ Ա․ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ,  

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ Է․ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ     

 

Հարգելի պարոնայք,

Մենք՝ Մամիկոնյանց 29 և 29ա շենքի բնակիչներս, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ շենքի մոտակայքում՝ Կոմիտասի պող․ 49/4 հսցեում, գործում է «Ակադեմիկոս Է․ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն։ Կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ իրականացնում է փորձարկման ենթարկված դեղերի ու դեղանյութերի թափոների այրում և՛ ներսում, և՛ դրսում, և այդ թափոնների մնացորդները լցվում են բնակիչների սպասարկման  համար նախատեսված կենցաղային աղբամանները։ Այրման ժամանակ առաջանում են անտանելի հոտ և թունավոր գազեր, ինչի ապացույցն է այդ ժամանակ բազմաթիվ բնակիչներիս մոտ ինքնազգացողության վատթարացումը՝  գլխացավ, սրտխառնոց, ալերգիա։

Տեղեկացնում ենք նաև, որ Կոմիտաս 49/4 շենքը նախկինում պետական հիմնարկություն է եղել, այն գտնվում է բնակելի շենքերից 15 մ հեռավորության վրա։ Սկզբնական շրջանում փորձագիտական կենտրոնը զբաղեցնում էր միայն 2-րդ հարկը, իսկ այժմ, աշխատանքային ծավալների մեծացման հետ կապված, հինգ հարկը, որի հետևանքով փորձարկումների քանակն էլ ավելացել է։ Բազմիցս դիմել ենք կազմակերպության ղեկավարին, խնդրել լուծում տալ իրավիճակին, սակայն մեզ պատասխանել են, որ իբր առկա են օդի զտիչներ և օդաքաշիչ պահարաններ, բայց հարցն այդպես էլ չի լուծվել, արտանետված գազերի պատճառով օդը շարունակում է մնալ աղտոտված։ Բողոքներից հետո փոխվեցին միայն այրման ժամերը։ Եթե նախկինում այրումը միայն ցերեկային ժամերին էր ընթանում, ապա բողոքներից հետո այն ավելի հաճախ կատարվում է նաև գիշերային ժամերին և՛ կենտրոնի ներսում, և՛ կենտրոնի հարակից տարածքում, իսկ հետևանքները նույնն են։

«Փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն գործում է խիտ բնակեցված տարածքում և երկու դպրոցների (թիվ 14 և թիվ 82) հարևանությամբ։ Տաք եղանակին գիշերային ժամերին հնարավոր չէ պատուհաններ բաց թողնել օդափոխիչների աղմուկի և օդ արտանետված թունավոր գազերի առկայության պատճառով։ 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում ենք Ձեզ օգնել մեզ դուրս գալ այս անելանելի թվացող վիճակից։ Ակնկալում ենք Ձեր միջամտությունը հարցի դրական լուծման համար, քանի որ մեր բոլորիս առողջությունը առաջնային կարևորություն ունի։       

                                        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել