Չէր երևում , որ նոր է ձյուն եկել , մայթերին հետք անգամ չկար :Բայց սոսկալի ցուրտ էր , և ես գրպանիցս հանեցի իմ որսորդական գլխարկն ու դրի գլխիս . ինձ համար որևէ նշանակություն չուներ , թե ինչպիսի տեսք ունեմ : Նույնիսկ ականջակալներս իջեցրի : Էհ , իմանայի , թե ով էր գողացել ձեռնոցներս Փենսիում : Ձեռքերս ուղղակի սառչում էին : ասենք , որ իմանայի էլ , ոչինչ չէի անելու : Ես ի բնե վախկոտ եմ : աշխատում եմ ցույց չտալ , բայց վախկոտ եմ : Օրինակ ,եթե ես Փենսիում իմանայի , թե ով է գողացել ձեռնոցներս , կգնայի այդ ժուլիկի մոտ ու կասեյի . << Հապա այստեղ տուր ձեռնոցներս >> : իսկ ձեռնոցներս գողացոց ժուլիկը , հավանաբար , ամենաանմեղ տոնով կասեր . << Ի՞նչ ձեռնոցներ >> : Այդ ժամանակ , հավանաբար , կբացեի նրա պահարանն ու որևէ անկյունում կգտնեի ձեռնոցներս : Դրանք , հավանաբար , թաքցված կլինեին նրա գարշահոտ կրկնակոշիկների մեջ : Ես կհանեի ու , ցույց տալով այդ տիպին , կասեի . << Գուցե սրանք քո՞ ձեռնոցներն են >> : Իսկ այդ ժուլիկը , հավանաբար , անմեղ նորածինի կերպարանք կընդուներ . 
<< Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում այդ ձեռնոցները : Եթե քոնն են , վերցրու , ինչի՞ս են պետք >> :
Իսկ ես , հավանաբար , մի հինգ րոպե կկանգնեի նրա առաջ : Ձեռնոցները ձեռքիս բռնած կմտածեի , որ հարկավոր է հասցնել նրա մռութին , ու վերջ : Բայց քաջությունս չէր բավականացնի : Կկանգնեի , կատաղած դեմք կցուցադրեի : Գուցե մի շատ վիրավորական բան կասեի դնչին հասցնելու փոխարեն : Բայց հնարավոր է նաև , որ եթե ես նրան որևէ շատ վիրավորական բան ասեի , նա ելներ , մոտենար ինձ ու ասեր . << Լսիր , Քոլֆիլդ , դու կարծեմ ինձ ժուլիկ անվանեցիր >> : Ու փոխանակ ասելու . << Այո , անվանեցի , կեղտոտ անասուն , սրիկա >> , հավանաբար կասեի . 
<< Ես գիտեմ միայն , որ այս գրողի տարած ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան >> : Ու նա անմիջապես կհասկանար , որ ես նրան չեմ ծեծելու և , հավանաբար , կասեր . 
<< Լսիր , արի պարզ խոսենք , դու ինձ գող ես համարում , հա՞ >> : 
ու ես , հավանաբար , կպատասխանեի . 
<< Ոչ ոք ոչ մեկին գող չի համարում : Գիտեմ միայն , որ իմ ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան >> : Եվ այդպես շարունակ : 
Վերջապես , հավանաբար , դուրս կգայի նրա սենյակից , առանց նրա մռութին հասցնելու : Իսկ հետո , հավանաբար , կգնաի զուգարան , թաքուն մի սիգարետ կծխեի ու հայելու առաջ կատաղած կերպարանք կընդունեի : Մի խոսքով ամբողջ ճանապարհին այդ մասին էի մտածում : Տհաճ բան է վախկոտ լինելը : Գուցե այնքան էլ վախկոտ չեմ : Ինքս էլ չգիտեմ : Գուցե մասամբ եմ վախկոտ , իսկ մասամբ ուղղակի թքած ունեմ , կորել են ձեռնոցներս , թե ոչ : Դա իմ ամենամեծ թերությունն է , նշանակություն չեմ տալիս , երբ որևէ բան եմ կորցնում : Մայրիկս ուղղակի շատ էր զայրանում ,երբ ես փոքր էի: 
Ուրիշները , որ մի բան կորցնեն , օրերով ման կգան : Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար , երբ կորցրել եմ : Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ : Ինչևէ , դա արդարացում չէ : Բոլորովին արդարացում չէ : Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել : Եթե անհրաժեստ է որևէ մեկի մռութին հասցնել , և դու ուզում ես այդ բանը , պետք է հասցնես : Բայց ես չեմ կարող : ԻՆձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուկը կտրել կացնով , քան հասցնել դեմքին : Ատում եմ բռունցքի դատաստանը : Ավելի լավ է ինձ ծեծեն , թեև դա բոլորովին դուր չի գալիս , ինքներդ էլ հասկանում եք , բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին , երեսից եմ վախենում : Չեմ կարող նայել այդ դեմքին , ահա թե որն է ցավը : Եթե գոնե երկուսիս աչքերն էլ փակած լինեին , այնքան էլ տհաճ չէր լինի : Տարօրինակ վախկոտություն է , որ մտածում ես , բայց , այնուամենայնիվ , վախկոտություն է : Ես ինձ չեմ խաբում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել