Ինձ շատ հետաքրքիր է ևս մի հարց, որի պատասխանը ինքս չգտա։

Երևանի աղեստամոքսային տրակտը մատակարարում են մեծ ու միջին չափսերի մեքենաները՝ ապրանք հասցնելով մեր շատ սիրելի խանութներ, որտեղից մենք՝ օգտատերերս, գնում ենք այն և ուղարկում մեր ստամոքսները՝ կենսունակ մնալու համար։ Հիշենք, որ 2-րդ գիծ 60 վայրկյանից երկար կայանելու համար վարորդը կորցնելու է իր բալերից։ ԲԱՅՑ մեր քաղաքը կահավորում ՉՈՒՆԻ բեռնաթափման կամ փոքր, միջին ու մեծ առաքման համար, և 90% դեպքերում վարորդները ստիպված են կանգնել 2-րդ գիծ սույն գործողությունը իրականացնելու համար։ Վստահ եմ՝ նրանք չունեն ֆետիշ կանոն խախտելու կամ 2-րդ գիծ կանգնելու, նրանց դա բնավ դուր չի գալիս, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ՝ չունենալով համապատասխան կահավորված քաղաք։

Բացառություն չեն նաև մեծ սուպերմարկետները, որոնք ունեն սեփական փարքինգ․ տոն օրերից առաջ նրանց փարքինգներում անշլագ է, և կրկին չուզենալով՝ մենք տեսնում ենք «օրինախախտ, ռեժիմի ստրուկ, ստահակ» 2-րդ գիծ կայանած մեքենաներ։

Հիշեցնեմ, որ առաքիչները, բացի բարեհոգությունից, նաև ընտանիք են պահում այդ աշխատանքով, նրանց այդ խախտումը չի կրում մահացու վտանգ, նրանք դա լկտիությունից չեն անում, այլ ուղղակի չունեն այլընտրանք։

Վերադառնամ հարցիս՝ ապրանքը ինչպե՞ս է հասնելու խանութներ՝ ինքնաթիռներո՞վ, թե՞ էշերի քարավանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել