Հունվարի 12-ին Armtimes.com-ում հոդված հրապարակվեց, որում քրեական հեղինակության և նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մեջ մեղադրվում էր հայկական լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագիրը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին հայտարարել է, որ նշված հոդվածում, որպես կայքի խմբագիր, իրեն են նկատի ունեցել։ Նրա ֆեյսբուքյան էջ են փորձել մուտք գործել։ Նա տեղեկացրեց, որ օրերս իրեն գրել է Կառավարությանն առնթեր Տեղեկատվական ՊՈԱԿ֊ի աշխատակիցներից մեկը։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հանդիպել է խմբագրի հարազատներից մեկին և փորձել ինֆորմացիա հավաքել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղկացավ նաև, որ AntiFake.am լրատվականի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը նույնպես հայտարարել է, որ իր Ֆեյսբուքյան էջ են մուտք են գործել։ Խմբագիրները մեղադրում են վարչապետին և նշում են, որ վերջինիս հրահանգով են այդ գործողությունները կատարվել։

Ֆեյսբուքյան էջ մուտք գործելու մասին գրառում էին արել նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Թոսունյանը և 5-րդ ալիք-ի հաղորդավար Ագնեսա Խամոյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ օրերս DDoS հարձակում էր տեղի ունեցել ArmLur.am լրատվականի վրա։

Նշված դեպքերը և հայտարարությունները հաշվի առնելով՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում և կոչ է անում իշխանություններին, ֆեյքերի դեմ պայքարից զատ, նաև պայքարել ապօրինի ինֆորմացիա հավաքելու և խոսքի ազատության դեմ ոտնձգությունների դեմ։

Նման գործողությունները չեն նպաստում լրատվականների ազատությանը և սահմանափակում են խոսքի ազատության իրավունքը։

Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անձնական տվյալներ հավաքագրելը քրեորեն դատապարտելի արարք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել