Այո, ինչքան էլ սա ցավալի հնչի, նա պետք է նստի, քանզի սա է հասարակությանը բուժելու միակ ճանապարհը։
Ժամանակին, երբ նույն հասարակությունը բառացի խեղդվում էր ՀՀՇ-ի հակաժողովրդական պայքարից և համատարած լքում էր հայրենիքը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց աներևակայելի պատասխանատվություն և դուրս բերեց մեզ այդ մղձավանջից։

Անցան տարիներ, մենք մոռացանք այն թշվառությունը և համատարած աղքատությունը։ Մենք մոռացանք, թե ինչ է նշանակում ապրել առանց գազ, լույս և հույս։

Այսօր մեր հասարակությունը չի պայքարում լույս կամ գազ ունենալու համար, ո՛չ, մենք պայքարում ենք էլ ավելի լավ ապրելու համար, 100 հազար դրամի տեղը 200 հազար ստանալու համար, 40 հազար թոշակի տեղը 80 հազար ստանալու համար։ Մենք չենք պայքարում մարդավայել օդանավակայան ունենալու համար, այլ ուզում ենք, որ ավելի շատ չվերթներ լինեն։ Մենք չենք պայքարում ճանապարհներ ունենալու համար, այլ ուզում ենք տեսնել նորերը։ Մենք չենք պայքարում աղետի գոտում աշխատանքները սկսելու համար, այլ ուզում ենք, որ սկսածը ավարտին հասցվի։ Մենք չենք պայքարում հեռախոսակապի գոյության համար, այլ ուզում ենք, որ գները էլ ավելի մատչելի լինեն։ Եվ ի վերջո, մենք չենք պայքարում Արցախը ազատագրելու համար, այլ անում ենք ամեն ինչ այն ազատ և անկախ պահելու համար։

Այո՛, մենք մոռացել ենք մեր ոչ վաղ անցյալը, մենք մոռացել ենք, թե ոնց էինք մոմ փորձում գտնել, որ մութն ընկնելուն պես չպառկեինք քնելու։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք տան մեջտեղում վառարան դնում և վրան և ճաշ պատրաստում և օդը տաքացնում։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք սպասում՝ մեր ծնողների, տատիկների և պապիկների ուշացրած աշխատավարձը և թոշակները երբ կբերեն և կբերե՞ն ընդհանրապես, թե՞ ոչ։ Մենք շուտ սովորեցինք լավին և այսօր ուզում ենք էլ ավելի լավը, ինչը բնական է։ Բայց կա մեկ շատ մեծ «բայց»․ մենք մոռացել ենք, թե ում շնորհիվ ենք մենք ուզում ավելի լավը։

Այսօր նախագահ Քոչարյանը չէ բանտարկված, այլ մեր խիղճը, այո՛, հենց իմ, հենց քո։ Մենք ուրացել ենք մեր անցյալը։ Մենք հավատացել ենք տարիներով մեր մեջ ներարկվող ատելությանը և ստերին։ Մենք չենք ուզում հիշել իրականությունը և փոխարենը նախընտրում ենք մեջբերել պրոֆեսիոնալ կերպով ներարկված ստերը։ Այո՛, մենք մանիպուլյացիայի զոհ ենք։ Մեզ օգտագործել են և շարունակում են օգտագործել։

Այսօր նախագահը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ։ Կա՛մ մենք ուժ կգտնենք մեր մեջ և կհաղթահարենք այս համատարած ստի և ատելության շրջանը և կազատագրենք մեր խիղճը, կամ էլ վերջնականապես կկործանվենք։ Որոշողը մենք ենք և միայն մենք։ Ո՞ր ճանապարհն եք ընտրելու դուք։

Եվ հիշեք՝ անցյալը ուրացողը չի ունենում ապագա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել