Infocheck.am-ը գրում է.

Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը։

 

Մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։


Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

Իրականում, սակայն, նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

 

Խազարաձեն մասնավորապես ասել է. «Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։


Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի վաղ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել