168.am-ը գրում է․

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները 1 տարվա համար 9 միավոր կստանան և խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։

Վարորդներից շատերը սա կարևոր են համարում, նրանց կարծիքով՝ շատ լավ է, նորմալ կսկսեն վարել մեքենաները:

«Գերմանիայում ավելի դաժան է, 6 բալ է: Կարգ ու կանոն կստեղծվի, բայց այստեղ մի քանի խնդիրներ կան. ավտոկայանատեղիների հարցը պետք է լուծեին, գծանմուշները թարմացնեին, մարդիկ պետք է հասկանան՝ որտեղ է գծանմուշը, որտեղ՝ մայթը, լուսացույցները պետք է երևացող տեղերում լինեն, փողոցի մեջտեղում հետադարձը պետք է վերանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Այսինքն, ստացվում է, որ մեկ խախտման համար մարդը երկու անգամ է պատժվում. նախ բալ է կորցնում, հետո էլ խախտման համար տուգանք է վճարում: Ի դեպ, օրենքը հանելուց առաջ կարելի էր փողոցը չնախատեսված վայրով անցնող հետիոտներին էլ կետ հատկացնել, պատժել նրանց: Այնպես թող անեն, որ գետնի վրայի ու օդում կախված ճանապարհային նշանները համընկնեն»,- նշեց մյուսը:

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարորդների մի մասը դեմ է, մյուս մասը՝ կողմ, կան վարորդներ, որ երկրորդ շարքին են դեմ, կարծում են, որ կարող են երկրորդ շարքի դեպքում տուգանել, բայց բալեր չհանել:

«Այս օրենքն իր նպատակին, հնարավոր է՝ ծառայի մոտ 3 տարուց. կսպասեն՝ տեսնեն ով, ինչպես է օրենքը շրջանցում, որ կանխեն: Բացթողումներ կան, մի քանի փոփոխություններ պետք է արվեն: Օրենքը թերի է, և շրջանցելու շատ հնարավորություններ կան, դրա համար էլ մոտ ապագայում չի աշխատի: Վարորդները որ դժգոհում են, թե տուգանում են ու բալ հանում, դա այդպես չէ, բալերը միանգամից չեն հանվում, այլ՝ մաս-մաս: 0.5 բալ հանվում է, երբ, ենթադրենք, 17 հատ կես բալանոց խախտում են կատարել»,- ասաց Արտակ Խաչատրյանը:

Վարորդների իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև բացթողումներին՝ նկատելով. «Այս ամեն ինչը եղել է թղթային տարբերակով, հիմա էլեկտրոնային է: Թղթայինի դեպքում շատ ժամանակ չէին ընդունում ոստիկանները, երբ ներկայացված տվյալները կասկած էին հարուցում: Այսինքն, ենթադրենք՝ վարորդն այն չէ, ինչ ներկայանում է:

Հայտնի դեպքեր կային, երբ պարզվում էր, որ 200.000 դրամի խախտում կատարած «Ջիպ»-ի վարորդն անվճարունակ է: Բերում էին մեկին, փողը տալիս ու ասում էին՝ գնա, ասա՝ ես էի: Իսկ հիմա այդ «գնա՝ ասա»-ն էլեկտրոնային է լինում: Օրինակ՝ մեկն ունի վարորդական վկայական, սակայն մեքենա չունի և չի վարում, մյուսն էլ չունի վարորդական կամ ունի, բայց շատ կոպիտ է մեքենա վարում, եթե իմ բալերը պետք է սպառվեն, բնականաբար, կտանեմ վկայական ունեցող, սակայն մեքենա չունեցողին մաղարիչ կանեմ, որպեսզի իր բալերից օգտվի: Տվյալները նրա համաձայնությամբ կներմուծի համակարգ, և վերջ: Կասի, որ այսինչ անձավորությունն է խախտում արել, տուգանքը վերագրեք իրեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ սեպտեմբերի 1-ից նաև ճանապարհային ոստիկանության գծային տեսուչներն են արձանագրելու խախտումները, Արտակ Խաչատրյանը նկատեց.
«Դուք դրսում ավտոտեսուչ տեսնո՞ւմ եք: Հա, կարող են տուգանել, բայց որ ավտոտեսուչ չկա, ո՞ւմ է պետք: Նրանց թիվը, կարելի է ասել, քիչ է, բացի այդ՝ նաև ցանկություն ու «ժամանակ չունեն, զբաղված են»: Ընդհանուր վերահսկողություն չկա, և սա խնդիր է»:

Հավելենք, որ, եթե վարորդը պարբերաբար խախտումներ կատարի, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ, և դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9 միավոր, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի արդեն մեկ տարով իրավունքից զրկման։

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

2. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

3. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ և 1 տուգանային միավոր:

4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:

8. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

9. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

11. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

12. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

13. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք, կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:

14. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:

15. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:

16. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմժ-ով գերազանցելը՝ 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

17. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

18. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմժ-ով գերազանցելը` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:

19. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

20. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ, հինգերորդ մասերի հատկանիշները` 25.000 և 4 տուգանային միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել