«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի: Այդ մասին ասված է կարճ հաղորդագրության մեջ, որը հունվարի 8-ին Twitter-ում զետեղել է ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան, որը շնորհում է «Օսկար»-ը:
Ակադեմիայի միկրոբլոգում խոստանում են արարողության ծրագրում ներառել «աստղերի ելույթներ եւ անակնկալներ»: Սակայն մրցանակաբաշխության հաղորդավարի անվան համար նախատեսված տեղը վերցված է կարմիր շրջանակի մեջ եւ վրան կարմիր գիծ է քաշված: «Թույլ տվեք ինձ ակադեմիայի հետ միասին այժմ հաստատել, որ այս տարի վերստին չի լինելու հաղորդավար»,- The Hollywood Reporter հանդեսը մեջբերում է ABC հեռուստաընկերության ղեկավարության անդամ Քերի Բերքի խոսքը: Ակադեմիայի կայքում դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Անցյալ տարի այս միջոցառումը 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել է առանց հաղորդավարի:
Դերասան Քեւին Հարթն ստիպված է եղել հաղորդավարի դերից հրաժարվել իր հասցեին հնչած մարդատյացության մեղադրանքներից հետո: Նախորդ անգամ առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը տեղի է ունեցել 1989 թվականին, երբ ներածական խոսքի փոխարեն ցուցադրվել է 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել են միանգամից չորս հաղորդավարներ, 1987 թվականին նրանք եղել են երեք հոգի:
«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի փետրվարի 9-ին Լոս-Անջելեսում: Անվանակարգորդների անունները կհայտարարվեն հունվարի 13-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: