2020 թ-ի հունվարի 1-ից 7-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 209 հոդված, որոնցից 98-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 106-ը՝ չեզոք։

Մշտադիտարկվող ժամանակահատվածում ԱԱԾ-ի մասին բացասական հոդվածների նման քանակը հիմնականում կապված է կեղծ օգտատեր Դիանայի ձերբակալության հետ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այդ թեմային, ասել է․ «Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ հիշեցրեց «գերազանցիկ» անգիր անողներին։ Եվ որքան էլ հետագայում մեր «պրոֆեսիոնալ» քննիչներն «ապացուցեն» նրա «ընդդիմադիր», «սադրիչ» էությունը, միևնույնն է, ես կմնամ այն համոզմունքին, որ նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային», և վերջինս մի քանի անգամ կարդալուց հետո, անգիր, «գերազանցիկի» առոգանությամբ այն կարդացել է։ Էլ չեմ ասում, առանց պաշտպանի «հարցաքննության» մասին»։

Մեկ այլ վերլուծության համաձայն, ԱԱԾ վերադառնում է հին խորհրդային ոճին։ Ըստ հրապարակման՝ տպավորություն է ստեղծվում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ոչ այնքան իրենց գործառույթներն են իրականացնում, որքան՝ կուսակցության, տվյալ պարագայում՝ իշխանության քաղաքական գիծը։ Վերլուծության մեջ հարց է բարձրացված՝ ԱԱԾ-ն կբացահայտե՞ր «Դիանա Հարությունյանին», եթե դրան չնախորդեր Նիկոլ Փաշինյանի կանխորոշող գրառումը։

Նշվում է, որ Փաշինյանի գրառումից հետո, ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված օգտատիրոջ մասնակցությամբ տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Հարցերից մեկն այն է, արդյոք կգտնե՞ն այն ֆեյքերին, որոնք անհանգստացնում են այլ անձանց, թե՞ միայն վարչապետին անհանգստացնողներն են բացահայտվում։ Եղան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք այս ամենը թատրոն որակեցին։

Իր հերթին երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ բացահայտված ֆեյք օգտատիրոջ հետ որևէ առնչություն չունեն։

Անահիտ Բախշյանը վերջերս դիմել էր Գլխավոր դատախազություն Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը վերացնելու և նոր քննություն սկսելու պահանջով։ Դիմումը բավարարվել էր: Գործն ուղարկվել է ԱԱԾ: Ըստ հրապարակման՝ Անահիտ Բախշյանը, դեմ է, որ գործը քննի ԱԱԾ-ն: Ըստ Յուրի Բախյանի տիկնոջ՝ ԱԱԾ-ն չի կարող անաչառ քննություն իրականացնել, այդ կառույցը մեկ անգամ արդեն տապալել է այդ գործի քննությունը և այդ կառույցում ոչինչ չի փոխվել, որ հիմա վստահություն ներշնչի: Տիկին Բախշյանը պատրաստվում է բացարկ հայտնել ԱԱԾ-ին:

Ֆեյք օգտատիրոջ հետ կապված ԱԱԾ գործողություններին գովեստի խոսք է հնչեցրել վարչապետը, իսկ Զարուհի Հովհաննիսյանն ասել է, որ ԱԱԾ աշխատակիցները գրագետ են գործել, երբ ձերբակալվածի դեմքը տեսանյութում փակել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել