Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»․ Գարեգին Նժդեհ

Ժամանակակից աշխարհում սոցիոմշակութային կյանքի այլ ոլորտների նման քաղաքական կյանքում ևս բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն են: Քաղաքական կյանքի թատերայնացումը դրսևորվում է ինչպես քաղաքական իրական գործընթացների կազմակերպման, ուղղորդման ընթացքում, այնպես էլ սոցիալական դիսկուրսի դաշտում, ինչն արտահայտված է լայն տարածում գտած քաղաքական խաղ, քաղաքական բեմ, քաղաքական խաղի կանոններ և այլ հասկացությունների տեսքով: Քաղաքականությունը, լինելով սոցիալական իրականության բաղկացուցիչ մաս, նույնպես ենթարկվում է սոցիալական ներկայացման տրամաբանությանը՝ իրեն հատուկ խաղացանկով, դերերով, սյուժեով, լեզվով, պատմություններով և այլն: Օրինակ՝ աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունները՝ իրենց պատճառներով, ընթացքով և այլ առանձնահատկություններով, տարբեր են, սակայն առանցքային սյուժեն, դերերի բաշխվածությունը, իրադարձությունների առասպելականացումը, չարի և բարու հակադրությունը, որոշ դեպքերում՝ անգամ կարգախոսներն ու լեզուն նման են, այսինքն՝ բեմից բեմ, խաղացողից խաղացող՝ ներկայացումն այլ տեսք և ձև է ստանում, սակայն բովանդակությունը գրեթե նույնն է: Այս համատեքստում քաղաքական կյանքը կարելի է դիտարկել որպես ինքնատիպ խաղի տեսակ՝ «քաղաքական թատրոն», որն իր հերթին բաղկացած է քաղաքականության «բեմահարթակից», «հետնաբեմից» (կուլիս) և «հանդիսասրահից»: Քաղաքական թատրոնի անուղղակի մասնակիցն այս դեպքում հանդիսատեսն է, որի ուշադրությունն ուղղված է քաղաքականության բեմահարթակին, իսկ անմիջական մասնակիցը քաղաքական «գործիչ-դերասանն» է, որը խաղում է քաղաքականության բեմում:

Այն, ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ Հայաստանում, ավելին, քան տրագիկոմեդիա, չես անվանի, քանի որ մանիպուլյացիոն հստակ դասագրքային թեզեր ու քայլեր իրականացնելով կարողացան մարդկանց, այսպես ասած, զոմբիացնել և իշխանազավթում իրականացնել։ Սա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, առանց որևէ այլևայլության, սակայն մարդկանց սպասումներն ի դերև ելան. ամենուր սուտ էր ու կեղծիք։ Գիտակից հասարակության համար պարզ է, որ ներկայումս ՀՀ-ում բացահայտ նկատվում են դիկտատուրայի սաղմեր, որի շահերն ամբողջությամբ սպասարկում են գործող վարչակարգին: Գործող վարչապետն ու իրեն սատարող «ակտիվը» տասնյակ տարիներ, իսկ առավել ակտիվ վերջին յոթ-ութ տարում` գոռում-գոչում, բղավում, սրա-նրա մասին բամբասում, ճիշտ ու սուտ իրար խառնած լուրեր էին տարածում կոռուպցիայի, համատարած թալանի, անօրինականությունների, ստրկացման, բռնաճնշումների, քաղաքական հաշվեհարդարների և մարդկությանը հայտնի և անհայտ մնացած անիրավությունների մասին: Այդքան տարի այնքան թմբկահարեցին, այնքան սուտ ու ճիշտ խառնեցին իրար, որ ժողովուրդն իր համար անհերքելի կարծիք ձևավորեց, ու… մերժեց: Մերժեց` ինքն էլ մինչև վերջ և հստակ չիմանալով, թե ի՞նչն է մերժում, ո՞ւմ է մերժում, արդյո՞ք մերժում է, ինչո՞ւ է մերժում… «Պետք» էր մերժել՝ մերժեց: Բայց հարցը, խնդիրը, կոնկրետ մարդիկ, ովքեր իբր կոռուպցիայի մեջ թաղված էին եղել, ովքեր իբր ստրկացրել էին, գողացել էին, թալանել էին․ իմիջիայլոց, այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ էր թալանել, ո՞ւմ էին թալանել, ո՞ւմ էին ստրկացրել, ե՞րբ, այդ թալանվողն ի՞նչ էր ստեղծել կամ ունեցել, որ ինչ-որ մեկն էլ թալանել էր իրեն, ո՞ւր են:

Արդեն երկու տարի անցել է, և ուզում եմ հարց տալ՝

1. Ի վերջո, Հայաստանում այդչափ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար:
2. Համակարգվա՞ծ էր, թե՞ անհամակարգ:
3. Ո՞ւր են այդ հինգ, տասը կամ գուցե քսան հոգին, որ իբր բյուջեն «կերել են», բոլորին թալանել են, ստրկացրել են, ովքե՞ր էին նրանք:

Ցանկացած գիտակից քաղաքացի արդեն գիտի պատասխանը` չի եղել այն և այնքան, ինչ և ինչքան ասել են, գրել են և, մեղմ ասած, խաբել են ժողովրդին:

Ամփոփելով 2019 թվականը՝ ինձ և, բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում «իզմ»-եր մերժող Նիկոլին՝ ո՞ւր են խոստացած ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավահավասարությունը, արդարությունը, իրավունքի գերակայությունը, սերն ու համերաշխությունը, տնտեսական թռիչքը, ահռելի ներդրումները, ներգաղթողները և ներդրողների գլխապատառ հոսքը դեպի ՀՀ: Ո՞ւր են, Նիկոլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել