Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցկացնես: Շատերն են հավատում դրան, ուստի ձգտում են այն դիմավորել ուրախ և, իհարկե, ավանդական ուտեստներով լի առատ տոնական սեղանով: Բայց գաստրոնոմիական այս ազատությունն ունի իր հակառակ կողմը։ Ինչպես աղեստամոքսային տրակտի խնդիրներ չառաջացնել և լրացուցիչ կիլոգրամներ չհավաքել: Այս մասին խոսել է սննդաբան Ելենա Դորոդնևան «aif-Tyumen»-ի հետ զրույցում:
Միայն մեկ ափսե
Տոնական սեղանի բոլոր ուտեստներից կարելի է փորձել, բայց միայն փոքր չափաբաժիններով: Որպեսզի հաջորդ օրը տհաճություն չզգաք կշեռքի վրա կանգնելով, աղցանները, խնձորով սագի կտորը, բուտերբրոդները ափսեի մեջ դնում եք փոքր բաժիններով և ուտում ամբողջ տոնի ընթացքում, առանց հավելումների:
Առանց մայոնեզի
Աղցանն այնքան սարսափելի չէ կազմվածքի համար, որքան դրա մեջ եղած մայոնեզը: Հետևաբար, նախընտրելի է այդ սոուսը փոխարինել, օրինակ, 10% յուղայնությամբ թթվասերով կամ հենց աղցանի համար նախատեսված թեթև յոգուրտով: Իսկ եթե չեք կարողանում լիովին հրաժարվել մայոնեզից, ապա այն կարելի է նոսրացնել 10%-ոց թթվասերով. համը կլինի մայոնեզի նման և վնասն ավելի քիչ կլինի:
Ճագարն ընդդեմ խոճկորի
Ցանկալի է հրաժարվել նաև ճարպոտ մսից: Խոզի միսը մի կողմ ենք դնում և դրա փոխարեն ուտեստներ ենք պատրաստում հնդկահավի, տավարի, նապաստակի մսից: Ամանորյա ավանդական սագը նույնպես շատ ճարպոտ և ծանր ուտեստ է մարսողական համակարգի համար, ի դեպ, դրա համար էլ այն պատրաստում են խնձորով: Այս մրգերը աբսորբենտ դեր են կատարում և կլանում են մեծ քանակությամբ ճարպեր:
Իսկ ընդհանրապես, տոնական սեղանին անփոխարինելի են մրգերն ու բանջարեղենը: Դրանք ավելի հեշտ են մարսվում և նվազեցնում են օգտագործվելիք ճարպոտ ուտելիքների քանակը: