ArmDaily.am-ն ՀՀ մարզպետների հետ ամփոփում է 2019 թվականը, հասկանալու, թե ինչ փոփոխություններ են եղել մարզում այս մեկ տարվա ընթացքում և ի՞նչ ակնկալիքներ ունեն մարզի բնակիչները 2020-ից: 

-Պարոն Գևորգյան, ինչպիսի՞նն էր 2019-ն Արագածոտնի մարզի համար:

Կարող եմ վստահաբար ասել, որ Արագածոտնի մարզի համար 2019 թվականը աշխատանքային առումով իսկապես հագեցած տարի էր: Տարին ամփոփում ենք դրական ցուցանիշերով:  Առաջին հերթին նշեմ, որ լայնածավալ աշխատանքներ են տարվել սոցիալ-տնտեսական ուղղություններով, և տարեցտարի ավելանալու են ենթակառուցվածքների զարգացմանը միտված աշխատանքները:
Կարևորելով 2019 թվականի ձեռքբերումները՝ ցանկանում եմ նշել, որ մեր մարզի հաջողությունները դեռ առջևում են:

-Մարզում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, առանձնացրեք մարզի համար կարևորները,  ի՞նչ անավարտ ծրագրեր են եղել, որոնք կշարունակեք 2020-ին:

2019 թվականի ընթացքում կառավարություն-մարզպետարան-համայնքներ սերտ համագործակցության արդյունքում հաստատվել է Արագածոտնի մարզի 57 սուբվենցիոն ծրագիր, որոնք իրականացվել են Արագածոտնի մարզի 32 համայնքներում: 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի համար հատկացվել է շուրջ 1.8մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրին մասնակից համայնքների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 15-ով, ծրագրերի թիվը՝ 33-ով, իսկ ֆինանսավորումը՝ 1.3 մլրդ դրամով: Տարին նշանավոր էր ճանապարհաշինության ոլորտում: Այս տարվա ընթացքում Արագածոտնում կառուցվել է 52,5կմ ճանապարհ: Առանձնացնեմ Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ ճանապարհը, որի 11կմ հատվածը գրեթե անանցանելի էր: Կառուցվել է նաև 175կմ գիշերային լուսավորության ցանց:

Առաջնահերթություն տալով խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելուն՝ միայն 2019 թվականի ընթացքում խմելաջրի ցանցի բարելավման ծրագրեր են իրականացվել մարզի 21 համայնքում: Ընդհանուր առմամբ կառուցվել և վերանորոգվել է 135կմ ջրագիծ:
Ձեռքբերումներ ունեցանք նաև գյուղատնտեսության ոլորտում. համեմատելով 2018-2019թթ վիճակագրութունը, կարող ենք ասել, որ մարզում գյուղատնտեսության տարբեր ցուցանիշերի գծով միջինում 45 տոկոս աճ ենք ունեցել: Խոսքը գնում է ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման մասին: Էականորեն պակասել է ոռոգման ջրի կորուստները, այլ կերպ ասած՝ ջրագողությունը: Սա ես մեծ ձեռքբերում եմ համարում, քանի որ մենք կարողացել ենք զգալի չափով գյուղացուն զերծ պահել ապօրինի ջրօգտագործողների փոխարեն գումարներ վճարելուց: Բացի այդ, այս տարի ոռոգման սեզոնին ջրամատակարարման խնդիր չենք ունեցել, ջուր են ստացել այնպիսի հեռավոր համայնքներ, որտեղ տասնամյակներ շարունակ ոռոգման ջուր ուղղակի չի հասել:
Առողջապահության ոլորտը ևս զերծ չմնաց դրական փոփոխություններից: Ֆրեզնոյի հայ համայնքի հանգանակությամբ, այս տարի հիմնանորոգվել է Աշտարակի հիվանդանոցի երկու վիրահատարան, կառուցվել է ամերիկյան ստանդարտներին համապատասխան ինտենսիվ թերապիայի սենյակ: Վիրահատական ողջ բաժանմունքը վերազինվել է բժշկական գործիքներով և տարատեսակ սարքավորումներով:
Տարվա ընթացքում լուրջ քայլեր կատարվեցին ՏՏ ոլորտը Արագածոտնի մարզում զարգացնելու համար: Հուշագիր ենք կնքել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ, որի շրջանակներում այժմ վեբ ծրագրավորման դասընթացներ են իրականացվում Աշտարակում՝ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետների կողմից: Գալիք տարում նախատեսում ենք Աշտարակում ստեղծել նանոտեխնոլոգիաների գիտահետազոտական պարկ և զարգացնել մարզում բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Այժմ ընթանում են շահագրգիռ կառույցների հետ բանակցությունները, որպեսզի գաղափարը ծրագրի վերածվի:
Նոյեմբեր ամսին եռօրյա այցով Արագածոտնի մարզում էր Բուլղարիայի Հանրապետության Ստարա Զագորայի նահանգապետ Գերգանա Միկովայի գլխավորած պատվիրակությունը: Ի դեպ նշեմ, որ Բուլղարիայից առաջին անգամ էր Հայաստան նահանգապետ ացելում աշխատանքային այցով: Երկու մարզերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Քննարկել ենք երկու մարզերի համար կարևորություն ներկայացնող բազմաթիվ հարցեր՝ զբոսաշրջությունից մինչև ապրանքների արտահանում: 2020 թվականի ընթացքում նախատեսվում է Արագածոտնի մարզի պատվիրակության փոխադարձ այցը Ստարա Զագորա: Հուսով եմ, որ այդ այցը կվերածվի գործարար կապերին առնչվող փաստաթղթերի ստորագրման հստակ գործընթացի:

Լեհաստանի հայ համայնքի հրավերով 2020 թվականին նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի պատվիրակության այցը Լեհաստան, ծրագրվում են նաև աշխատանքային այցեր Ռուսաստան, ԱՄՆ և Եվրոպական տարբեր երկրներ՝ կոնկրետ ընկերությունների և գործարարների հետ կապեր հաստատելու և մարզ ներդրումներ ուղղորդելու նպատակով:

Նաև ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասի նախապատրաստական աշխատանքները ավարտին են մոտենում, դրանց մի մասի արդյունքները 2020 թվականին արդեն տեսանելի կլինեն:
Ցանկանում եմ մի բան ընդգծել, որ համայնքներում առկա մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ են լուծվելու: 2020 թվականին նպատակ ունենք բոլոր ոլորտներում գերազանցել 2019 թվականին արձանագրված ցուցանիշերը:

-Քաղաքացիների ընդունելության օրերին ո՞ր խնդիրն էր, որն ամենից շատ էր հնչում: Քաղաքացիների խնդիրներից որո՞նք են լուծվել:

Քաղաքացիների ընդունելության ժամանակ բնակիչների բարձրացրած հարցերը կարելի է 2 հիմնական խմբի բաժանել՝ սոցիալական և իրավական:
Շատ են հնչում սեփականության իրավունքին առնչվող հարցեր: Յուրաքանչյուր բնակչի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Այն խնդիրները, որոնք մարզպետարանի լիազորությունների և հնարավորությունների սահմաններում են, ինքներս ենք լուծում, իսկ մնացած դեպքերում բացի իրավական խորհրդատվություն տրամադրելուց, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները բնակչի հետ անցնում են հարցերի լուծման բոլոր ճանապարհները:

Մարզպետ նշանակվելուն պես հստակ հանձնարարել եմ, որ մարզպետարանի վարչությունները չսպասեն, որ բնակիչը ներկայանա մարզպետի մոտ ընդունելության, նոր խնդրին լուծում տրվի: Ցանկացած աշխատանքային օր մարզպետարանի դռները բաց են բնակիչների համար: Քաղաքացիների զանազան հարցեր լուծվում են իմ օգնականների, խորհրդականների, ստորաբաժանումների հետ ամենօրյա շփումների ժամանակ: Քննարկված բոլոր հարցերը պարբերաբար ինձ զեկուցվում են:

-Ո՞րն էր մարզպետարանի համար տարվա բացթողումը:

Ոչ թե բացթողում, այլ արդյունք, որը կցանկանայի, որ ավելի լավը լիներ: Այս մասին նշեմ, որ մարզի 72 համայնքներից 32 համայնքներ են հնարավորություն ունեցել սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել և օգտվել պետական բյուջեից տրվող համաֆինանսավորումից: 32 համայնքի ներգրավումը ծրագրին, ըստ էության, տեղի է ունեցել մեծ ջանքերի գնով, համայնքների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին սուբվենցիոն ծրագրերին մասնակցել է 17 համայնք: Այս տարվա ցուցանիշը 15-ով ավելին է, ինչը էականորեն բարձր է, սակայն իմ տեսլականն այն է, որ մենք պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում: Այո, ես իրապես բացթողում եմ համարում թեկուզ մեկ համայնքում չլուծված գեթ մեկ խնդիրը, 1 բնակչի չլուծված հարցը: Հուսով եմ, որ համայնքների միավորման մյուս փուլով կունենանք ավելի հզոր համայնքներ, որոնց բյուջեները թույլ կտան տարբեր ծրագրերի մասնակցել: Բացթողում եմ համարում, որ մի շարք գաղափարներ չհասցրեցինք կյանքի կոչել 2019 թվականին, բայց խոստանում եմ գալիք տարում լրացնել բոլոր բացթողումները:

-Կառանձնացնե՞ք մարզպետարանի կամ Ձեր մասնակցությամբ տարվա սկանդալը:

Նախ պետք է հասկանանք՝ ինչ նկատի ունենք սկանդալ ասելով: Անկեղծ ասած՝ այս պահին չեմ մտաբերում որևէ սկանդալային միջադեպ, որում հայտնված լինեմ ես կամ մարզպետարանի աշխատակիցները: Զավեշտալի միջադեպեր գուցե պատահած լինեն: Խորհրդակցությունների ընթացքում զավեշտներ պատահում են: Օրինակ, օրեր առաջ, մարզպետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քննարկում էինք կրթության ոլորտը և պատասխանատու աշխատակիցն ինչ խնդիրներ մատնանշում էր, պարզվում էր, որ տարիներ առաջ որոշ պաշտոնյաներ չարաշահել են պաշտոնական դիրքը, թույլ են տվել ֆինանսական չարաշահումներ և կոռուպցիոն բնույթի գործողություններ են կատարել, որոնց վերաբերյալ քրեական գործեր կան հարուցված: Կես կատակ-կես լուրջ ասացի, որ զեկուցի մի այնպիսի բան, որը կոռուպցիոն հիմքեր չունի: Ի պատասխան՝ կրթության ոլորտի պատասխանատուն մի քանի վայրկյան լռեց ու ասաց, որ երևի դեռ երկար կլռի: Միջադեպը զվարճալի ստացվեց:

-2019-ի ամենամեծ սուտը, որը գրվել կամ հնչել է Ձեր մասին:

 Հետաքրքիր էր այս հարցը լսել լրագրողի կողմից: Չցանկանալով վիրավորած լինել լրագրողներին՝ չեմ կարող չասել, որ հիմա ապատեղեկատվության տեղատարափ է տիրում: Իմ անձի և կենսագրության հետ կապված «սենսացիոն»  բոլոր հրապարակումները ծայրից ծայր սուտ են եղել: Այդ տեսակ «լուրերից» ցանկացածը կարելի է ընտրել ըստ ճաշակի և համարել ամենամեծ սուտը:

-Որո՞նք են հաջորդ տարվա անելիքները, ի՞նչ սպասեն Արագածոտնի մարզի բնակիչները 2020-ից:

Ձեր այս հարցին, ըստ էության, նախորդ հարցադրումներում արդեն պատասխանել եմ: Փորձեմ առանձնացնել այն, ինչի մասին չխոսեցինք:
2019 թվականի ընթացքում ձեռնամուխ եմ եղել կազմակերպել տարբեր հանդիպումներ թե՛ մարզում գործունեություն ծավալող տնտեսվարողների, թե՛ հնարավոր ներդրողների հետ:
Աշնանը տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել մարզում արդեն իսկ հաջողություններ գրանցած կոնկրետ տնտեսվարողների օրինակները և ծավալների ընդլայնման ծրագրերը, և իհարկե, թե մարզում ինչ նոր ներդրումային ծրագրեր են իրականացվելու նոր տնտեսվարողների կողմից: Ֆորումի ժամանակ ներկայացվեցին մարզում առկա հնարավորությունները և ներդրումային նոր գաղափարներ:
Քննարկումների և փորձի փոխանակման միջոցով ստեղծվեցին նոր գործարար կապեր, բացահայտվեցին բիզնես ոլորտում առկա խնդիրները: Համաժողովից հետո մշակել ենք դրանց լուծման մեխանիզմները, շարունակել ենք բանակցությունները գործարարների հետ՝ մարզի տնտեսությունը աշխուժացնելու համար:
Համաժողովի արդյունքները ակնկալում ենք ստանալ 2020 թվականին և հաջորդ տարիներին:

2020 թվականի գարնանից նախատեսում ենք պաշտոնապես հայտարարել գործարար համաժողովի ժամանակ ներկայացված բազմաթիվ ծրագրերի մեկնարկի մասին: Դրանից բացի, կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնց մասին մինչ այժմ, տարբեր պատճառներով, չի խոսվել: Դրանց արդյունքները նույնպես 2020 թվականին տեսանելի կլինեն: Այս ամենը զգալի դրական փոփոխություն կբերի մարզի սոցիալ-տնտեսական կյանքում:
Եթե խոսենք ոլորտներից, ապա կարող ենք փաստել, որ ժամանակակից գյուղատնտեսության, գինեգործության, ջերմոցային տնտեսությունների հիմնման, զբոսաշրջության, արդյունաբերության տարբեր ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասով մի շարք ծրագրեր ենք նախատեսել, որոնց արդյունքների մասին ևս կխոսենք 2020 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել