«Ի՞նչ կարգավիճակի մասին կարելի է խոսել, մինչև ադրբեջանցիները չվերադառնան Ղարաբաղ». Է. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններին և ուշագրավ հայտարարություն արել։ «Ի՞նչ կարգավիճակի մասին կարելի է խոսել, մինչև ադրբեջանցի բնակչությունը չվերադառնա Ղարաբաղ։ Բացի այդ՝ տարածաշրջանի ադրբեջանցիների անվտանգության հարցը հայերի հետ միասին շատ կարևոր է, և այստեղ անհրաժեշտ է կիրառել միջազգային խաղաղարարական մեխանիզմներ»,- հայտարարել է Բաքվի թիվ մեկ դիվանագետը։

Մամեդյարովի այս հայտարարությունը պատահական չէ և շարունակությունն է ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն մտքի, որ բանակցություններին Ալիևի հետ կարող են մասնակցել նաև Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։

Սեփական շահերն առաջ տանելով՝ պաշտոնական Բաքուն իր ցանկացած տեսանկյունից է դիտում և օգտագործում Իգիթյանի խաղաղասիրական, բայց անտրամաբանական և, ինչպես ցույց տվեցին հետագա գործընթացները, բավական վտանգավոր մտքի գոհարները։

Պաշտոնական Բաքուն նախաամանորյա անոնս է անում, թե 2020թ․-ին ինչ ուղղությամբ է ցանկանում տանել բանակցային գործընթացը, որը, ինչպես տեսնում ենք, ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու Երևանին և Ստեփանակերտին, քանի որ մինչև հիմա գոնե արտաքուստ բանակցությունների ընթացքում որևէ անգամ չի հիշատակվել «Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ» եզրույթը։

Հուսամ՝ այսուհետ, մինչ ինչ-որ բան հայտարարելն Արցախի վերաբերյալ, մեր իշխանավորները շատ երկար կմտածեն ու նոր կխոսեն, քանի որ նույնիսկ փոքրիկ սայթաքումը ակնթարթորեն մեր թշնամիները և հակառակորդներն օգտագործելու են մեր իսկ դեմ։

Արցախում ԵՐԲԵՔ ադրբեջանական համայնք չի եղել ու չի էլ լինելու։ Բաքվի կողմից Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանը պարտություն է կրել իր բոլոր հետևանքներով։

Իսկ թե ընթացող բանակցություններում պաշտոնական Բաքվի պատվիրակության մեջ ովքեր կլինեն, դա մեր բարձրաձայնելու խնդիրը չէ, ինչպես արեց պարոն Իգիթյանը և մեծ խնդիրներ ստեղծեց Հայաստանի և Արցախի համար։

Ի դեպ, իշխանական պատգամավորն այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» մասին խոսելիս լավ կլինի՝ բարձրաձայնի Բաքվից և ադրբեջանական այլ շրջաններից փախստական դարձած 350 հազար հայերի և նրանց ժառանգների ճակատագրի մասին, ինչպես նաև գոնե մեկ միլիմետրով առաջ տանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը պետք մասնակցի բանակցային գործընթացին» թեզը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել