Հետհեղափոխական Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարաններից մեկը Ոստիկանությունն է: Ողջ տարվա ընթացքում ոստիկաններին հաջողվեց ճնշել մեծ ու փոքր ցույցերը, բողոքի ակցիաները, բարձր պահել վարչապետի և նոր Հայաստանի պատիվն ու անունը: Սակայն տարեվերջին ոստիկանության բյուջեն բաշխվեց բնավ ոչ հօգուտ կառույցի աշխատակիցների: Հայտնի է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա մարաթոնին Ոստիկանությունը փոխանցել է 19.5 մլն դրամ: Երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ հիմնադրամի՝ այս տարվա հավաքած ողջ գումարը զգալիորեն քիչ էր նախորդ տարիներին գոյացած գումարից, եզրակացնում ենք հետևյալը՝ արտերկրում ապրող հայությունը չի փոխանցել հիմնադրամին այնքան գումար, որքան հարկավոր էր, անգամ այն դեպքում, երբ իշխող քաղաքական ուժը ամեն հարմար առիթով նշում է, որ բոլոր հարցերում Սփյուռքն իրենց թիկունքին կանգնած է, սփյուռքահայ ներդրողներն էլ սպասում են իրենց հերթին: Փակելու համար դրսից քիչ գումար բերելու բացը՝ ըստ ամենայնի, որոշվել է այն լրացնել ոստիկանության նվիրատվությամբ: Ստացվում է, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը պարզերես է արել վարչապետ Փաշինյանին: Իսկ նպատակի մասին կարող ենք ենթադրել՝ Արման Սարգսյանը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից ուզում է վերածվել ոստիկանապետի: Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով, Ոստիկանության աշխատակիցները իրենց հասանելիք 13-րդ աշխատավարձի միայն 1/3-ն են ստացել: Իսկ ո՞ւր է գնացել այդ գումարը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի՞ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել