Blognews: Սիրելի ընթերցողներ, մեր խմբագրություն հաճախ նամակներ են գալիս, որտեղ մարդիկ կիսվում են իրենց անձնական, երբեմն նաև սեռական խնդիրներով և խնդրում են օգնել իրենց համապատասխան խորհրդով: Ուստի մենք որոշեցինք հատուկ բաժին բացել «Սեռական առողջություն» թեմայով, որտեղ պարբերաբար ձեզ կներկայացնենք մեր ընթերցողներին հուզող հարցերը, իսկ հարցերին կպատասխանի ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Այս անգամ մեզ ուղղված նամակում ընթերցողը հարցնում է.

«Դաշտանի ժամանակ կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ: Ցանկալի կլիներ իմանալ նաև դաշտանի հիգիենայի մասին»:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը`

«Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանի որ այդ օրերին առավել մեծ է դեպի արգանդի խոռոչ վարակի ներթափանցման վտանգը:
Դաշտանի ժամանակ անհրաժեշտ է մաքուր պահել արտաքին սեռական օրգանները: Դրա համար անհրաժեշտ է օճառով լվացում կատարել` գոլ ձրի հոսող շիթի տակ` առջևից դեպի ետ: Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս` մաքուր ձեռքերով: Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ցնցուղ ընդունել: Դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում: Դաշտանի ժամանակ պետք է օգտվել հատուկ հիգիենիկ միջադիրներից: Միջադիրները պետք է փոխել օրվա ընթացքում 2-3 անգամ, երբեմն` ավելի հաճախ:
Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսությունների ուժեղացմանը:
Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու օրը, տևողությունը և կորցրած արյան մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ): Չափը որոշվում է հիգիենիկ միջադիրների ներծծման աստիճանի և միջադիրը փոխելու հաճախականությամբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել