Armtimes.com-գրում է.
Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Տեղեկությունը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Այս քրեական գործով անցնում է նաեւ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն նրա մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Նրանք մեղադրվում են փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին: Այժմ ազատոթյան մեջ է գտնվում միայն Մակար Պետրոսյանը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Ալիկ Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
-Պարոն Պողոսյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
-Մեր գնահատմամբ՝ մեղադրանքը միանգամայն անհիմն է: Հերթական անգամ ՀՀ-ում ցուցանիշներ ցույց տալու կամ ավելի բարձր պաշտոնատար անձանց հաճոյանալու համար կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ վարույթն իրականացնող մարմինը սեփական անհիմն եզրակացությունն է կատարել: Խոսքը ուղղակի գումարային փոխանցման առկայության մասին է, որը եղել է փոխառության վերաբերյալ: Դրանից իմ պաշտպանյալը երբեք չի հրաժարվել, ու այս ամենը բացարձակապես կապ չունի 2008 թվականին Սիլվա Համբարձումյանի եւ Արամ Հարությունյանի միջեւ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տեղի ունեցած գործարքներին: Ինչու եմ անընդհատ շեշտում վարույթն իրականացնող մարմինը, որովհետեւ այն տարիներ շարունակ այս քրեական գործով տարօրինակ վարքագիծ է դրսեւորել. մեկ արձանագրում են, թե որեւէ գործարք չի եղել Սիլվա Համբարձումյանի եւ Արամ Հարությունյանի միջեւ, մեկ ինչ-որ փոփոխությունների արդյունքում արձանագրում են, որ եղել է, իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ են ուզում:
- Բայց այդ գործի շրջանակում են ձեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել:
-Առանձին քրեական գործ է հարուցվել, որը միացվել է տվյալ քրեական գործին, բայց այս մեղադրանքը բացարձակապես որեւէ առնչություն չունի 2008 թվականի այդ ենթադրյալ գործարքին, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առկա է:
- Այդ դեպքում ինչի հետ առնչություն ունի ձեր պաշտպանյալի մեղադրանքը:
- Ունեն Արամ Հարությունյանից Ալեքսան Պետրոսյանի՝ 2011 թվականին կատարված փոխանցում, եւ ըստ նրանց՝ դա վկայում է, որ տեղի է ունեցել փողերի լվացում: Ընդ որում, այդ բանկային փոխանցման մանրամասների եւ այլնի մասին Ալեքսան Պետրոսյանը նախաքննության առաջին իսկ օրից ցուցմունք է տվել:
- Ցուցմունքում ի՞նչ է նշել ձեր պաշտպանյալը, որքա՞ն գումարի մասին է խոսքը:
- 3 միլիոն դոլարի, որը ծախսվել է ՄԱՊ ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար, ինչը վարույթն իրականացնող մարմինը ընդունում է: Իմ պաշտպանյալն էլ ընդունել է, որ փոխանցումն առկա է, որ նրանց միջեւ ինչպես այդ ժամանակահատվածում ՄԱՊ ՓԲԸ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվող գումարների հայթայթման շրջանակում, ի թիվս շատ-շատ անձանց, դիմել են նաեւ Արամ Հարությունյանին, ինչից հետո վերջինս փոխառություն է տրամադրել Ալեքսան Պետրոսյանին: Այսինքն՝ դրանից ութ տարի հետո վարույթն իրականացնող մարմինը հանկարծ պարզել է, որ այդ գումարը տրամադրելով՝ Պետրոսյանը օժանդակել է Հարությունյանին փողերի լվացման մեջ, ինչը բացարձակապես անհիմն է:
-Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են եղել, ո՞ւմ հետ է առերեսվել:
-Սույն քրեական գործի քննությունը՝ հարուցումից մինչեւ ավարտը, տեւել է մեկ ամիս եւ մեկ օր. նոյեմբերի 12-ին հարուցվել է քրգործ, դեկտեմբերի 13-ին հայտարարվել նախաքննության ավարտ: Հենց նոյեմբերի 13-ին վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել ենք օբյեկտիվ իրականութունը, ամբողջությամբ նշել ենք գումարների փոխանցման նախապատմությունը, որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, եւ դեկտեմբերի 13-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
-Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ առերեսում է տեղի ունեցել իր, Ալեքսան Պետրոսյանի եւ Մակար Պետրոսյանի մասնակցությամբ:
-Նա ճիշտ է նշում, բայց դա տեղի է ունեցել գործի քննության դեռեւս նախորդ փուլում՝ 2016-17 թթ., այսինքն՝ ավելի շուտ, քան այս փողերի լվացման գործը հարուցվել է, դա պետք չէ վերագրել այս քրեական գործին, դա եղել է այլ քրեական գործի շրջանակում, եւ վարույթն իրականացնող մարմնի նպատակն ու ցանկությունը հենց դա է. ամեն կերպ փորձել կապել այս դրվագը այսպես ասած 2008 թ. տեղի ունեցած ենթադրյալ գործողություններին, եւ դրանով ապահովել աշխատանքի եւ ինչ-որ բացահայտման իմիտացիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ