2019 թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 171 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 23-ը՝ դրական, 86-ը՝ չեզոք։

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը տևական ժամանակ է չի կարողանում ձերբազատվել քննադատություններից, իսկ քննադատությունների համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանի շատ նախաձեռնություններ չեն ընդունում անգամ սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչները։

Ըստ հրապարակումներից մեկի, դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել Արտյոմ Սմբատյանը։ Ըստ լուրերի, Սմբատյանը նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն ու մտերիմն է։ Նշվում է, որ Արսեն Թորոսյանը դեռևս այս տարվա մարտին նրան նախարարության աշխատակազմի ղեկավարի-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցով դիմել էր վարչապետին։ Հրապարակման մեջ ասված է, որ Սմբատյանն այդ պաշտոնում նշանակվել և պաշտոնավարել է օրենքի խախտմամբ, քանի որ չի համապատասխանել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված պահանջներին։

Շարունակում է քննադատության արժանանալ Արսեն Թորոսյանի 6 տոկոս հարկատեսակի մասին առաջարկը։ Մասնագետներն ու հասարակական գործիչները նշում են, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Այդ մտքի հետ համաձայն են նաև «Իմ քայլ»-ից մի քանի պատգամավորներ: Բացի այդ, նշվում է, որ դա սոցիալական արդարության սկզբունքից դուրս է։

Նարեկ Սամսոնյանը 101 փաստ է հրապարակել։ Փաստերից մեկում ասված է. «Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասամբ համալրված է «զինվորական ծառայության համար անպիտան ճանաչված» կամ զինվորական ծառայությունից խուսափած մարդկանցով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 65 տղամարդ պատգամավորից 29-ը ազատված է պարտադիր զինծառայությունից»։

Արսեն Թորոսյանին մեղադրում են նաև նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ կապ ունենալու և նրա հետ գործարքի մեջ լինելու համար։ Ըստ Մարինա Խաչատրյանի. «Վերջերս՝ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհանդեսը, որտեղ նշվում է, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց երեխաները պատվաստվեն կամ հակապատվաստումային քարոզ են անում, այդ մարդիկ հանցագործներ են և այլն։ Գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, այսինքն՝ այս գրքի հովանավորչությունը նաև իրականացնում է Լևոն Ալթունյանը։ Մի քանի օր առաջ հրապարակում եղավ, Արսեն Թորոսյանն ու Լևոն Ալթունյանը միասին էին։ Արսեն Թորոսյանը ինձ դատի է տվել այն բանի համար, որ ես իրեն անվանել են Սերժի Հայաստանի տարր։ Պրն Թորոսյան, ինչի համար եմ Ձեզ այդպես եմ անվանել, փաստեր եմ ներկայացնելու դատարան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել