1984թ. մարտի 1-ին «Նյու Յորք Թայմս»-ը «Բանտարկված հայը մահացել է» վերնագրով կարճ լուրով տեղեկացրեց. «Ազգությամբ հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալիֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:
Մի քանի գրքերի հեղինակ Յանիկյանը 78 տարեկանում Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցում հրազենի կրակոցներով սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին` Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրին` իր իսկ բառերով սկիզբը դնելով «հայ անհատի պատերազմը թուրքի դեմ»: Յանիկյանը, նախապես տեղյակ չպահելով իր հայ լինելու մասին, թուրք պաշտոնյաներին հրավիրել է հյուրանոց` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանող մի գեղանկար և երևելի մարդկանց ատորագրությունները կրող թղթադրամ թուրքական պետությանը նվիրելու նպատակով:
Բանտից ուղարկված ձայնագրության մեջ նա բացատրում էր, թե ինչու է դիմել նման քայլի. «Հայկական դատը ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված, ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ՝ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին, իմ ներսում հրաբուխ դարձած, դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ»:
1972թ. աշնանը՝ թուրք հյուպատոսներին սպանելուց մի քանի ամիս առաջ, Յանիկյանը երկու շաբաթով այցելել էր Հայաստան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին նվիրել Վարպետի՝ կորած համարվող «Արևելյան ինտերիեր» նկարը:
Հայաստան այդ այցի մասին հետագայում նա իր գրքերից մեկում գրել է. «Մի դեպք պատահեց Երևանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ են: Մի առավոտ վաղ էի արթնացել և, նստած պատուհանի առաջ, նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արևն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր, և կարծես արևի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արևին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ինչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում մեր Արարատը»:
«Նպատակ և ճշմարտություն» գրքում Յանիկյանը մանրամասն նկարագրում է երկու թուրքերի սպանությունը. «Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Եթե լինեին ուրիշները, ինձ համար տարբերություն չէր ունենալու: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»:
Թուրք հյուպատոսներին հյուրանոցի սենյակում սպանելուց հետո նա հանձնվում է ոստիկանությանը. «Քանի՞ անգամ կրակեցի և երկուսից որի՞ն՝ չեմ հիշում, միայն երբ վերջին՝ իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով Բրաունինգը և մոտենալով դիակներին` մի երկու-երկու փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին և ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարբենթրի հետ, որովհետև իմ սենյակում երկու դիակ կա»:
Սանտա Բարբարայում արձակված կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ, ավելի տարածված է անգլերեն կամ ֆրանսերեն անվան հապավումով, ԱՍԱԼԱ` Armenian Secret Army for the Liberation of Armenia, Armռe Sռcrռt Armռnien pour le Liberation de l’Armռnie) հոգևոր հիմնադիրներից:
1975թ. հունվարի 20-ին ռումբ պայթեց Բեյրութում` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ: Ռմբահարողները Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ամբաստանում էին իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի գործակցի: Գործողության պատասխանատվությունն ստանձնեց «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»: Այս օրը ընդունված է համարել ԱՍԱԼԱ-ի հիմնադրումը: Հաջորդ ամիսներին և տարիներին` մինչև 1990թ. դեկտեմբեր, ԱՍԱԼԱ-ն իրականացրեց շուրջ 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում, Անկարայում և Ստամբուլում:
Հատված «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքից



