Չինացի բանտարկյալներն իրենց ճակատագրից բողոքելու հետաքրքիր միջոց են գտել։ Բացիկի մեջ, որն անցել է հազարավոր կիլոմետրեր և վաճառվել սուպերմարկտում, շնորհավորանքի փոխարեն իրավապաշտպանների հետ կապվելու խնդրանք է եղել։ Բացիկը գնած աղջիկը սկզբում կարծել է, որ դա ամանորյա կատակ է։ Բայց Չինաստանում կատակ չեն անում, առավել ևս՝ բանտարկյալների հետ...


Լոնդոնի 6-ամյա բնակչուհի Ֆլորենս Ուիդիկոմբը սուպերմարկետից գնված բացիկից չինացի բանտարկյալների կողմից օգնության խնդրանքով գրություն է հայտնաբերել։

«Մենք արտասահմանցի բանտարկյալներ ենք Շանհայի Ցինպու բանտից։ Մեզ մեր կամքին հակառակ ստիպում են աշխատել։ Խնդրում ենք օգնել մեզ և դիմել իրավապաշտպաններին»,- գրված է եղել բացիկի մեջ։


Սկզբում աղջիկն այդ գրությունը կատակ է համարել։ «Ես սեղանի մոտ նստած ընկերներիս համար բացիկներ էի գրում, երբ գտա այդ բացիկը և սկսեցի ծիծաղել, քանի որ ինչ-որ մեկն արդեն գրել էր այն»,- պատմում է Ուիդիկոմբը։ Աղջիկը նշում է, որ ինքն ու մայրը մոտ մեկ ժամ են ծախսել, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում կատարվում։

Իմանալով բացիկի մասին՝ սուպերմարկետի ներկայացուցիչները հայտնել են, որ ապշած են գտածոյով և հետաքննություն են սկսել՝ միաժամանակ խզելով պայմանագիրը չինական գործարանի հետ։

BBC-ից հայտնում են, որ բացիկում խնդրանք է եղել նաև կապվել լրագրող Փիթեր Համֆրիի հետ, որը նույնպես պատիժ է կրել Ցինպու բանտում։ Աղջկա ծնողները կապ են հաստատել նրա հետ, որն էլ իր հերթին կապվել է չինական բանտի բանտարկյալների հետ, որոնք հաստատել են, որ Ցինպուում գործում է հարկադրական աշխատանքի սկզբունքը։


Սա առաջին դեպքը չէ, երբ չինացի բանտարկյալները փորձում են կապ հաստատել միջազգային հանրության հետ։ 2012 թվականին ամերիկյան Պորտլենդ քաղաքի բնակչուհին Հելոուինի զարդերի տուփից գրություն էր գտել, որտեղ չինացի բանտարկյալները պատմում էին հետապնդումների և տանջանքների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել